«Երկու զեկույցներն էլ մեծ պրոբլեմներ էին պարունակում իրենց սուբյեկտիվությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ներկայացված զեկույցներին։

«Խիստ անբնական է, որ այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից։ ԵԽ-ում եղել է փորձ, որ անկախ քաղաքական ճանաչումից մասնակցություն է ունեցել տվյալ երկիրը, որի հարցը քննարկվել է ԵԽԽՎ-ում, խոսքը Կոսովոյի և Հյուսիսային Կիպրոսի մասին է»,- նկատեց Կարեն Բեքարյանը:

Բանախոսի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ զեկուցողները հեռակա զեկույց են պատրաստել՝ առանց այցելելու այն երկիր, որի վերաբերյալ զեկույց են պատրաստել: «ԵԽ-ն ընդհանրապես և ԵԽԽՎ-ն մասնավորապես որևէ փորձ չունեն կոնֆլիկտների քաղաքական ասպեկտին առնչվելու, միջնորդի դեր ստանձնելու: Հետևաբար, ճիշտ չէ փորձել հարակից երևույթներով «նպաստ» բերել գործընթացին, այս հարցում ամենակարևոր խնդիրը պետք է լինի «մի վնասիր» սկզբունքը»,-նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ է արել Հայաստանը, որպեսզի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև  ԼՂՀ ներկայացուցիչները ներկա լինեն այդ քննարկումներին, Բեքարյանը պատասխանեց. «Հայկական կողմն աշխատել է, արդյունքը դեռ չկա: Դա շատ ավելի լայն խնդիր է, քան կաներ պատվիրակությունը»:

Բանախոսը շեշտեց, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է, և նման դրսևորումները ՀՀ-ին պետք է մտածելու տեղիք տան, թե հետագայում ինչպես է շարունակելու իր աշխատանքներն այդ կառույցում: «Ուոլթերի զեկույցի պարագայում բանականությունը հաղթեց: Ուոլթերի զեկույցն իր կշռով չէր կարող հավասարակշիռ լինել Մարկովիչի զեկույցին»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ այդ զեկույցները բանաձևեր են, չունեն որևէ իրավական ուժ, բայց դրանք  քաղաքական ֆոնի էլեմետներ են դառնում, ու չպետք է անտարբեր լինել այս հարցում։

«Մինսկի խմբի արած հայտարարությունը շատ հասցեական էր, սա շատ կարևոր էր և զգոնության կոչ էր պարունակում Եվրոպայի խորհրդի խորհրդարանականներին: Ես չեմ կիսում այն գոհունակությունը, ինչը տիրում է մեր մամուլում ու սոցցանցերում: Չեմ կիսում այն կարծիքները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը մեր շահերից էր: Այն ոչ թե մեր շահերից էր, ոչ թե Ադրբեջանի շահերից էր, ոչ էլ ԼՂՀ շահերից էր, այլ առաջին հերթին բանակցային ձևաչափի շահերից էր բխում, որպեսզի բանակցությունները որևէ կերպ փակուղի չմտնեն: Սա կամ պետք է դիտարկել արված հայտարարություն բոլորի շահերից, կամ չի կարելի դիտարկել: Այսինքն՝ այստեղ առանձնացնել ու տեսնել, որ մեկն ու մեկի կողմն է հանդես եկել, բնական չէ»,-նկատեց Բեքարյանը:

Նա նշեց, որ կա բանակցային ձևաչափ, այդ ձևաչափով կողմերի կողմից ստանձնած պարտավորություններ, և կա Ադրբեջանի պահվածքը, որն ամեն հնարավոր առիթով փորձ է անում հակահայկական բանաձևեր անցկացնել, և ԵԽԽՎ-ն առաջինը չէ: «Սա ձեռագիր է, որը կա՛մ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կա՛մ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է մենք որդեգրենք: Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ դաշտում է: Հնարավոր չէ, որ հակամարտության երեք կողմերից երկուսը կաշկանդված լինեն բանակցային ձևաչափով և ստանձնած պարտավորություններով, մեկն իրեն ազատ զգա ցանկացած տեղ ցանկացած բան անելու։ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը մեկնաբանելիս այս հանգամանքը պետք է հաշվի առնել»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել