Հայտնի է, որ մինչև հայկական գրերի գյուտը Վանի թագավորությունում և Հայաստանում օգտագործվել են տեղական սեպագրերը և մեհենագրերը (հիերոգլիֆները): Վանի թագավորությունից մեզ է հասել մոտ 1000 սեպագիր արձանագրություն՝ հիմնականում գրված կավե սալիկների և մետաղյա իրերի վրա: Դրանք գրվում էին ձախից աջ՝ առանց բառանջատման: Սեպագիր արձանագրությունները մեծ մասամբ պատմում են թագավորների ձեռնարկած արշավանքների, շինարարական աշխատանքների և ծեսերի մասին: Վանի թագավորությունից մեզ է հասել նաև մոտ 1500 մեհենագրային արձանագրություն: Մեհենագրային համակարգը բաղկացած էր շուրջ 300 նշաններից, որոնք գրվում էին աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար՝ առանց բառանջատման: Ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն հնագույն հայերենն է:
Նախաքրիստոնեական շրջանում, որոշ պատմիչների վկայությամբ Հայաստանում օգտագործվել է հայալեզու նշանագրերը և հայկական գիրը: Հույն պատմիչ Փիլոստրատոսի վկայությամբ (2-3-րդ դար) հայոց Արշակ 1-ին արքայի օրոք (34-35) Հայաստանում կիրառվել է հայալեզու և հայագիր դպրություն: Մեկ այլ հույն մատենագիր՝ Հիպպողիտոսի «Ժամանակագրություն» աշխատության մեջ հեղինակը հայերին դասում է սեփական դպրություն ունեցող ազգերի շարքում:
Հայ պատմիչ Ագաթանգեղոսի «Պատմութիւն հայոց»-ի էջերում տեղեկություններ կան այն մասին, որ հայերը հեթանոսության շրջանում պաշտել են դպրության հատուկ աստված Տիրին, հետևաբար պարզ է դառնում, որ մի ազգ, որը չունենար իր սեփական գիրն ու դպրությունը, չէր կարող պաշտել դպրության աստծո: Մովսես Խորենացին հաղորդում է, որ 2-3-րդ դարերում Դարանաղյաց Անի ամրոցում գոյություն է ունեցել մեհենական պատմագրության արխիվ, որից  ասորի մատենագիր Բարդածանը թարգմանություններ է կատարել ասորերեն և հունարեն, հավանաբար դրանք հայերեն էին: Ասորական մատենագրության ակնառու դեմքերից մեկը՝ Գևորգ Ասորին, տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչը «տղայության հասակում» Հայաստանում սովորել է հայոց  գիրն ու լեզուն: Եվ վերջում, եթե նույնիսկ չլինեին այսքան տեղեկություններ գրի ու դպրության մասին, մեկ է չեմ կարծում, որ հայերի նման խելացի ազգի համար մեծ դժվարություն էր ստեղծել սեփական գիրն ու դպրությունը: Քրիստոնեության ընդունումով Հայաստանում նախորդ կրոնի հետ արգելվեց նաև հայկական մեհենագրության գործածությունը:
Ք.ա 6-րդ դարից սկսած Հայաստանում լայն կիրառություն ունեին պահլավական, արամեական, հունական և ասորական այբուբենները: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում օգտագործվում էր հունական այբուբենը, որին փոխարինելու եկան մեսրոպատառ գրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել