Հաղորդավարուհի Մարինա Գրեգին այսուհետ կարելի է տեսնել խիստ դասական պիջակով, հավաքած մազերով և նուրբ դիմահարդարմամբ, ահա այս տեսքով էլ նա ներկայացավ BlogNews.am-ի հետ հարցազրույցին: Հունվարի 21-ից Մարինան «Արմնյուզ» լրատվականի մեկնաբաններից է, նա պատմել է աշխատանքի փոփոխության մասին:

«Նախ՝ ես մտածում էի փոփոխության մասին, բայց չէի կարծում, որ այն այսքան շուտ կլինի: Մտածում էի` մի քանի տարի հետո ինքս կառաջարկեմ, որ ինձ փորձեն մեկնաբանի կարգավիճակում, բայց արի ու տես, որ իմ մտքերից ընդամենը մեկ-երկու ամիս հետո մեր հեռուստաալիքի տնօրեն Հրաչ Քեշիշյանն ինձ առաջարկեց, որ Ժիրայրին ես փոխարինեմ, քանի որ նա մեկնում էր Մոսկվա: Նա ինձ ասաց, որ սկսեմ պարապել, քանի որ հունվարից պետք է եթեր մտնեմ»:

Մարինան պատում է, որ հենց առաջին օրվանից ոգևորված սկսել է դասախոս փնտրել. «Արմինե Նալբանդյանի հետ սկսեցինք պարապել, քանի որ ժամանակը քիչ էր, շատ կարճ ժամանակահատվածում ենք պատրաստվել: Պետք է նաև ասեմ, որ ունեմ մի լավ ընկեր, և եթե նա ինձ չքաջալերեր, ես այսքան չէի ոգևորվի»:   

Հաղորդավարուհին հրաժարվել է իր շեկ վարսերից՝ դրանք փոխարինելով ավելի մուգ գույնով, փոխել է ոճը և ամեն բան հարմարեցրել է հեռուստամեկնաբանի համար ընդունված ստանդարտներին: «Իհարկե, շիկահեր լինելուն արդեն սովորել էի, բայց հասկանում էի, որ պետք է մազերս մգեցնեմ: Ուզում էի ոճային կտրուկ փոփոխությամբ մտնել եթեր, քանի որ ժամանցային ձևաչափից հետո, երբ մարդիկ ինձ շատ տարբեր կերպարներում էին տեսնում, գուցե լուրջ չընկալեին ինձ, իսկ ես ուզում էի, որ բոլորը տեսնեն միանգամայն այլ մարդու»,-ընդգծեց նա:

Մարինան հունվարի 21-ից արդեն եթերում է, իսկ արձագանքները շատ տարբեր են. «Մինչև եթեր մտնելը նախ ինձ ասացին, որ պետք է փորձել այդ ամենը, տեսագրել և նոր ասել՝ հավանել են, թե՝ ոչ: Սկզբում ասացին` եթե հավանենք, հաջորդ շաբաթվանից կլինես եթերում, բայց փորձելուց հետո ինձ զանգահարեցին և ասացին, որ հենց վաղն էլ եթերում եմ լինելու: Այսինքն՝ անգամ հոգեբանորեն չհասցրեցի լարվել և տրամադրվել: Բոլորը շնչակտուր սպասում էին եթերի ավարտին, իհարկե ես էլ մի քիչ լարված էի: Երբ մտա եթեր, չհասկացա` ինչ տեղի ունեցավ, կարծես տասը տարի ուղիղ եթերում լինեի: Եղան մարդիկ, որ զանգում էին, ասում՝ արդյոք դու առաջին անգա՞մ էիր ուղիղ եթերում: Նոր ինչ-որ կերպար էր, որը ես ինքս էլ բացահայտեցի ինձ համար, ամենակարևորը` այն ինձ դուր եկավ»:  

Հաղորդավարուհին կատակով պատմում է, որ երբ առաջին եթերից դուրս եկավ, ոչ մեկի հետ չխոսեց, իսկ պատճառը շոկն էր. «Հաջորդ օրերին լարվածություն առաջացավ, այսօր էլ լարված էի: Օրինակ՝ մի սայթաքում եմ ունենում, ինձ մոտ խուճապ է սկսվում, ես ուզում եմ, որ ամեն ինչ միշտ լավ լինի»:

Հետաքրքվեցինք նաև անձնական կյանքում փոփոխությունների մասին. ասում են` հաղորդավարուհու սիրտն ազատ չէ: «Անձնականի մասին չեմ ուզում խոսել, կյանքը և հանգամանքները ցույց տվեցին, որ ոչ մի բան պետք չէ հրապարակավ ասել, եթե ինձ մոտ գլոբալ փոփոխություն լինի, խոստանում եմ առաջինը ձեզ տեղյակ պահել»,-ասաց Մարինան:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել