EXCLUSIVE
Երգչուհի Լիլուն երեկ անակնկալ կերպով ամուսնացել է, այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... Գիտեք՝ ինչքան կարևոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»: Ամուսնության բացառիկ անդրադարձը վստահել են BlogNews.am-ին:
Երգչուհու պրոդյուսեր Լիլինան պատմեց, որ Լիլուի ամուսինը ֆրանսահայ է. «Նա բնակվում է Ֆրանսիայում, բայց ժամանակ առ ժամանակ պարտադիր գալիս է Հայաստան: Նա չկա սոցցանցերում, նախ՝ շատ զբաղված է, հետո էլ՝ չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»:
Լիլինան նաև նշեց, որ, որպես այդպիսին, մեծ հարսանիք չի եղել. «Եղել է փոքրիկ հավաքույթ, որտեղ ներկա են եղել միայն հարազատները»:
Մեր այն հարցին, թե որտեղ է բնակվելու զույգը, Լիլինան պատասխանեց. «Քանի որ Լիլուն շատ է սիրում իր երկիրը, նախընտրում է ապրել հայրենիքում, նաև հայրենիք վերադարձնել ամուսնուն, բայց ամեն ինչ առջևում է: Նրանք դեռ համատեղում են իրենց աշխատանքը, ցավոք սրտի, այսօր շատերն են օտար երկրում բնակվում»:
Խոսելով նոր ստեղծագործական աշխատանքների մասին` Լիլինան նշեց, որ երգչուհին հիմա աշխատում է նոր երգերի վրա, շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ:
BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և հարատև երջանկություն մաղթում:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի