Օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1086-րդ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով մտահոգություն հայտնեց Թուրքիայում խոսքի ազատության բացակայության և լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ` նաև ակնկալիք հայտնելով, որ թուրքական իշխանություններն իրենց մեջ ուժ կգտնեն` պատասխանատվության ենթարկելու Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին:
Այդ նույն հանդիպման ժամանակ Թուրքիայի վրա քննադատությունների տեղատարափը շարունակեցին նրա ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն և նաև Ռուսաստանը:
Նշենք, որ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման առումով իրավիճակը հատկապես սրվեց վերջերս, երբ Թուրքիայի 89 համալսարաններ ներկայացնող 1128 գիտնականներ ստորագրեցին «Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» խորագրով ուղերձը, որում նրանք թուրքական իշխանություններին կոչ էին անում դադարեցնել երկրի հարավ-արևելքում քրդերի «կոտորածն ու սպանդը»: Դրան ի պատասխան թուրքական իշխանությունները սկսեցին կալանավորել այդ գիտնականների մեծ մասին և ամեն կերպ լռեցնել թուրքական հասարակության homo sapiens-ին:
Այս ամենն այնքան ցնցեց քաղաքակիրթ հասարակությանը, որ նույնիսկ Թուրքիայի ամենասերտ դաշնակից պետության երկրորդ դեմքը` Ջոզեֆ Բայդենը, Թուրքիայում գտնվելու ժամանակ խիստ քննադատության ենթարկեց թուրքական իշխանություններին: Մնում է միայն պատկերացնել, թե ինչ աստիճանի բռնաճնշումների է ենթարկվում թուրքական հասարակությունը, որ ԱՄՆ փոխնախագահը, այն էլ Թուրքիայում, իր քննադատությամբ քարը քարի վրա չի թողնում ՆԱՏՕ-ում իր հիմնական դաշնակցից (դա էլ ռուս-թուրքական հարաբերությունների այս լարվածության ֆոնին, երբ «անկյունին սեղմված» Թուրքիան ամենաշատն ունի իր «հարազատների» աջակցության կարիքը):
Թուրքիայի գլխին թափվեց լուտանքների այսօրինակ չափաքանակ, թափվեց ամենատարբեր մակարդակներով, բայց որպես հայ, որպես մի ժողովրդի ներկայացուցիչ, ով ամենաշատն է տուժել մարդկային կերպարանքով այդ ճիվաղից, հստակորեն կարող եմ պնդել, որ այդ քննադատությունները Թուրքիայի համար կլինեն ձայն բարբառո հանապատի: Թուրքիան ոչինչ չի ձեռնարկի դրան ի պատասխան և կշարունակի իր հանցագործ գործելոճը, որը նրա արյան կոդի մեջ է:
Ու հետաքրքիրն այն է, որ այս երկիրը ցանկանում է Եվրամիություն մտնել: Երկիր, որտեղ խոսքի ազատության ինդեքսն ամենացածր մակարդակի վրա է, երկիր, որտեղ օրը ցերեկով դարերի հնոցում կոփված թուրքական յաթաղանը սպանեց Դինքի նման ազնվամիտ մարդուն, երկիր, որտեղ 21-րդ դարում գործում է քրեական օրենսգրքի 301-րդ տխրահռչակ հոդվածը, որով գլխատվում է թուրքական հասարակության սերուցքը: Ողբալի իրավիճակ է պարզապես:
Վերոնշյալում արդեն ասվեց, որ և՛ Հայաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը համակարծիք են և իրենց մտահոգությունն են արտահայտում Թուրքիայում ձևավորված նախնադարյան կարգերից: Այս անգամ Թուրքիայի մասով այդ «սոլիդարությունն» արտացոլվեց եվրոպական այդ հեղինակավոր կառույցի շրջանակներում (ԵԱՀԿ), բայց դա պետք է կրի շարունակականություն, քանի որ դրանք շատ անհրաժեշտ քայլեր են, որոնք պետք է հետևողականորեն առաջ մղվեն, քանզի եթե աշխարհը ցանկանում է նոր ցեղասպանությունների և այլօրինակ հանցագործությունների ականատեսը չդառնալ, ապա պետք է պարետի նման միշտ հսկի Թուրքիային` մեկ օր նույնիսկ աչքաթող չանելով նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել