ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի տասներկու ամիսների նախնական վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ տնտեսական աճը հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,1%: Տարվա կեսից արդեն պարզ էր, որ տնտեսական աճը հիմնականում ապահովելու են գյուղատնտեսությունը (11,7%) և արդյունաբերությունը (5,2%): Ծառայությունները նույնպես աճ են ապահովել, որը կազմել է 2,7% արդյունք: Շինարարությունն ամբողջ տարվա ընթացքում այսպես էլ չկարողացավ դուրս գալ պասիվ վիճակից՝ ունենալով ընդամենը 0,3% աճ:

Ամբողջ տարվա ընթացքում նկատվում էր առևտրի ծավալների անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և արդյունքում 12 ամսվա կտրվածքով առևտրի ծավալների շրջանառությունը նվազել է 8%-ով: Տարին անկումային էր նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալների առումով, որտեղ ներմուծման ծավալների անկումը կազմել է 26,5%, իսկ արտահանման ծավալներինը՝ 3,9%:
Եթե դիտարկում են տնտեսական աճի ցուցանիշի դինամիկան ըստ նախորդ ամիսների, ապա տարվա համար տնտեսական առումով անկումային են եղել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները, որտեղ իրենց նախորդող ամիսների համեմատ տնտեսական աճի տեմպերը զգալիորեն նվազել են՝ 12,8% և 15,9% համապատասխանաբար: Դա դրսևորվել է տնտեսության բոլոր ճյուղերում: Իսկ տնտեսությունն ակտիվության աճ է գրանցել փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսներին, որտեղ առավելագույն աճ հուլիս ամսվա նկատմամբ գրանցվել է օգոստոս ամսին, որը կազմել է 23,3%: Այսինքն, տնտեսության ամենաակտիվ ամիսը եղել է օգոստոսը, և դրա «վերելքը» պայմանավորված է եղել հատկապես գյուղատնտեսական արտադրանքի ծավալների 2 անգամ աճով կամ 20,9 % արդյունքով:

Սակայն, բացի օգոստոսից, «բարեբեր» ամիս է եղել նաև դեկտեմբերը, որի տնտեսական աճը նոյեմբերի համեմատ կազմել է 20,4%: Եթե օգոստոսի մեծ աճը պայմանավորված էր գյուղատնտեսության 10,9% աճով հուլիսի նկատմամբ, ապա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այս ոլորտի անկումը կազմել է 6,4%-ով: Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի ակտիվության աճը միշտ պայմանավորված է լինում Ամանորի տոնական նախապատրաստությունների առիթով ավելացող առևտրաշրջանառության ծավալների աճով, որը, ի դեպ, նոյեմբերի համեմատ կազմել է 46,2%, ինչպես նաև ծառայությունների ծավալով, որն աճել է 27,6%-ով: Աճել է նաև արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ 9,3%-ով: Հետաքրքիր է, որ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է նաև շինարարության ծավալների 62,1% աճ: Բացի այդ, ամիսը հաջող է եղել նաև արտահանման և ներմուծման ծավալների աճի և էլեկտրաէներգիայի ծավալների աճի առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել