Պարույր Սևակ. Հատվածներ ՀՍՍՀ գրողների միության V համագումարում հնչած ելույթից, Երևան, 1966 թ. նոյեմբեր
- Կարծում եմ, որ իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ.
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, որը հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին. մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր. քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ...
Այս «քանի որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք, այսինչ ժողովուրդը դեռ միսն աղալ չգիտեր...»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա...»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»:
Ահավորն այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններն էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա այն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական ու համաշխարհային հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին:
Ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների հարատևման երկու եղանակ կա միայն. կամ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կամ ապրել նախնադարյան-վաչկատնային կյանքով: Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի: Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել