Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` միջազգային չվերթերի տերմինալի ուղեբեռների հանձնման գոտում, 2011թ. հունվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով 16:32-ին, որոտաց պայթյուն, որի հետևանքով զոհվեց 35 և վիրավորվեց 170 մարդ։
Պայթյունը համարժեք էր 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։ Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության` դեսպանատունը տեղի ունեցածի կապակցությամբ այդ օրն անցել է շուրջօրյա աշխատանքի:
Օդանավակայան և հիվանդանոցներ են ուղարկվել դեսպանատան աշխատակիցները` ստուգելու զոհվածների և վիրավորների թվում հայերի կամ Հայաստանի քաղաքացիների առկայության փաստը: Ըստ լրատվական գործակալությունների տվյալների` սկզբում հաղորդվում էր վիրավորվածների թվում մեկ հայի առկայության մասին (42-ամյա Կարեն Գալուստյան): Ըստ հունվարի 25-ի տվյալների՝ տուժվածների թվում կար չորս հայ:
Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների` պայթուցիկ սարքը հնարավոր է, որ գործի է դրել ինքնասպան ահաբեկիչը։ Պայթյունի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն հոդվածով։ Այդ օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել