Օրերս մայրաքաղաքի կենտրոնում ևս մի հին՝ Արամի 30 հասցեում գտնվող շենքի վերացման հարուցած հանրային վրդովմունքը դեռ չմարած՝ լուրեր տարածվեցին, թե շուտով քանդվելու է նաև Պուշկինի 10-ը, որտեղ գտնվում է «Դոլմամա» ռեստորանը: Հասկանալի է, որ այս տեղեկությունները կրակի վրա բենզին լցնելու պես մի բան էին:
Սակայն երեկ այդ տեղեկություններն ու խոսակցությունները Երևանի քաղաքապետարանը ոնց որ թե հերքեց: Ասացին՝ իրականությանը չի համապատասխանում, համենայն դեպս, տարածքի կառուցապատման ծրագիր ներկայացված չէ, համ էլ՝ «տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում»:
Առաջին հայացքից լավ է՝ նոր քանդումներ չեն լինելու: Առնվազն՝ առայժմ: Ինչո՞ւ «առայժմ»: Որովհետև «գերակա շահի» հիշատակումը հուշում է, որ քանդող տեխնիկան այստեղ էլ է երբևէ մտնելու: Նաև հստակ չեն թվարկվում այն 4 հուշարձան-շենքերը, որոնք անձեռնմխելի են:
Իսկ այ Արամի 30-ն արդեն չկա: Քանդվել է: Գիշերով: Թաքուն, էլի, որ աղմուկ չլինի ընթացքում: Աղմուկը հետո բարձրացավ: Բայց պարզ է, որ շենքի վերականգնման մասին խոսակցությունները ֆանտաստիկայի ոլորտից են: Մանավանդ, եթե հայտնվում են ոչ պատահական մարդիկ ու 19-րդ դարից մինչև մեր 21-րդի երկրորդ տասնամյակը հանգիստ ու խաղաղ կանգնած այդ հին շենքը ոչ ավել, ոչ պակաս համարում են «սարայ»: Դեհ, բետոնապակե էլիտարների համեմատ ու այդ «էլիտարական» դիտանկյունից, թերևս, «սարայ» պիտի երևար, հո պալա՞տ չէ:
Ի դեպ, ինչո՞ւ են գիշերով քանդել: Երեկ այս հարցին էլ այդ հին շենքի վերացման պատասխանատուն է անդրադարձել՝ կառուցապատող Ավո Կարագուլյանը՝ ասուլիսի ընթացքում նշելով. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի, որ խնդիր չունենամ, չգան, բողոքեն»: Հետաքրքիր է, եթե կառուցապատողի մոտ ամեն բան փաստաթղթավորված է, թույլատրված կամ օրինական, էլ ինչո՞ւ է գիշերվան սպասում: Բայց դե, եթե մարդն ասում է՝ ակտիվիստներից ու բողոքներից է պարզապես վախեցել, ուրեմն այդպես էլ կա:
Սա, ինչպես ասվում է, օրվա լրահոսից: Լուրերը հոսում են, իսկ պրոբլեմները՝ մնում և խորանում: Պրոբլեմը, տվյալ դեպքում Երևանի հնություններն ու հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդի սկզբներին կառուցված շենքերն են, որոնք մայրաքաղաքի կենտրոնում այս 15-20 տարիներին նոսրացան, ինչպես մազերը՝ ինտենսիվ ճաղատացողի գլխին: Այդ հին շենքերի առումով Երևանը, խոսակցականով ասած, քաչալացել է:
Երևանն, իհարկե, կա և լինելու է: Բայց այն Երևանը, որտեղ գերազանցապես սև տուֆից շենքեր էին ու իրենց հատուկ միջավայր էին ստեղծում, արդեն չկա: Այդ Երևանն անդարձ հեռացավ պատմության, հուշերի ու լուսանկարների հին ալբոմների գիրկը՝ մնալով Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների, ինչպես նաև կենտրոնում ցաքուցրիվ կառուցված այլևայլ պլպլան «շուշաբանդ»-արկղերի տակ:
Արամի 30-ը, ասում են, պատմաճարտարապետական հուշարձան չէր: Պարզապես 19-րդ դարում կառուցված շենք էր: Ուստի, ասում են «ասողները», չարժե այդքան վաշ-վիշ անել, աղմկել և այսպես շարունակ: Բայց, ախր, եթե Արամի 30-ը թեկուզ երիցս հուշարձան լիներ, մի՞թե դա կանգնեցնելու կամ խոչընդոտելու էր կառուցապատողներին: Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկան ի՞նչ է, հուշարձա՞ն չէր: Դա մի՞թե որևէ կերպ խանգարեց, որ շենքի նոր ու ներկայիս սեփականատերը կառույցի հետ անի՝ ինչ մտքով անցնի: Եվ մի՞թե այս տարիներին քիչ հուշարձան-շենքեր են զոհաբերվել «գերակա շահ» ասվածի տակ: Ի դեպ, այդ բառակապակցությունը, եթե չենք սխալվում, լրիվ տեսքով այսպես է հնչում. «հանրային գերակա շահ»: Իսկ ի՞նչ էր կամենում հանրությունը: Մի՞թե հին շենքերի անխնա վերացում: Իցիվ թե:
Սակայն դաժան իրողությունն այն է, որ ինչպես Արամի, այնպես էլ Բուզանդի, Աբովյան փողոցների վրա եղած բազմաթիվ հին շենքեր պատմաճարտարապետական հուշարձանից վերածվեցին պատմության գիրկն անցած ու ոչնչացված հուշարձանի: Ու ոչ մի կառուցապատող, ոչ մի ներդրող, ոչ մի գլխավոր ճարտարապետ, ոչ մի արկղահեղինակ ճարտարապետ դրան դեմ չգնաց: Իհարկե, օրինակ, Հյուսիսային պողոտայի տեղում նաև խառնիճաղանջ, խիտ ու հետնախորշեր հիշեցնող տնակների «թաղամաս» էր գոյացել, և այն այդ տեսքով չէր կարելի թողնել: Բայց չէ՞ որ այդ տնակների ու տների հետ վերացվեցին նաև մի ամբողջ շարք հին շենքեր, 19-րդ դարում կառուցված, անընդհատ նշվող «հին Երևանի» ճարտարապետական նկարագրին համահունչ տներ, որոնք կարելի էր և պահպանել խելամիտ ու մանրակրկիտ մոտեցման պարագայում: Բայց քանդվեցին՝ թացը չորին խառնված:
Ճիշտ է, տարիներ շարունակ խոսվում է «Հին Երևան» ծրագրի մասին: Նախագիծն էլ կա, որ Երամի, Բուզանդի, Եզնիկ Կողբացի, Աբովյան փողոցներով պարփակված տարածքում պետք է այդ «Հին Երևանը» կառուցվի: Խոսքն, ըստ էության, անցած 15-20 տարիներին քանդված շուրջ մեկուկես տասնյակ շենքերի վերականգնման մասին է: Դրանք, իհարկե, շատ խիստ ու մասնագիտական տեսանկյունից դժվար թե համարվեն այն նույն հուշարձան-շենքերը, ինչ կային ժամանակին, բայց համարվում է, որ այդպիսով հին Երևանի ճարտարապետական տեսքն ու միջավայրը որոշակիորեն կվերականգնվի: Բայց: Սա այն դեպքն է, որ մինչև քո աչքով չտեսնես, որ արվել է, չես կարող հավատալ, որ կարվի:
Ավելին: Ակնհայտ է, որ այն հատուկենտ հին շենքերն էլ, որ ինչ-որ հրաշքով պահպանվել են իրենց տեղերում, արդեն խորթ են իրենց շուրջը գոյացած «էլիտար» շենքերի միջավայրում: Պարզ է, որ, վաղ թե ուշ, արկղաբետոնե նորակառույցներն այդ վերջին մոհիկաններին էլ «կուտեն»: Վաղ, թե՝ ուշ: Եթե 20-րդ դարի հենց հուշ դարձած այդ հին շենքերն էին կազմում Երևանի ճարտարապետական դիմանկարը, ապա 21-րդի սկզբին գերիշխողն արկղակերպ բետոնապակե «դանդալոշ» կամ «կերած-խմած» շենքերն են, որոնք, սակայն, ոչ նկար են, ոչ էլ դիմանկար, այլ ինչ-որ անընկալելի սալաթ:
Ափսոսանք ու ցավ ես զգում ակամայից: Ափսոսանք, որ այլևս չկա այն Երևանը, որը փաստորեն ու գերազանցապես լուսանկարներում է միայն արդեն: Ցավ, որ այս ամենը կարող էր և այսպես չլինել: Վերջիվերջո, ոչ միայն Երևանում են կառուցապատման նոր ծրագրեր իրականացվում: Բայց արտասահմանների մայրաքաղաքներում ինչ-որ տարբերակ ու լուծում են գտնում, որ նորը հնի հաշվին չկառուցվի, ավելին՝ միմյանց ներդաշնակ լինեն հինն ու նորը: Բայց դե, նրանք այնտեղ արտասահմաններում գործից ի՞նչ են հասկանում, որ: Ի վերջո, այդ նրա՞նք են շինարար ազգ, թե՞ մենք:
Իսկապես ցավալի է: Ու նաև ամոթալի:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել