Օրերս համացանցում տարածում գտավ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ անձնական բնույթի տեսանյութը, որը լայն քննարկումների առիթ դարձավ։ BlogNews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասաց, թե անտարբեր է այդ քննարկումների հանդեպ։ «Ինձ ինչ-որ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ինձ համար ամենամեծ հեղինակությունը ես ինքս եմ»,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ ով ինչպես ուզեր, կարող էր մեկնաբանել այդ նյութը։
Հարցին՝ չի՞ կարծում, որ հանրային մարդու կողմից նման անձնական տեսանյութերի հրապարակումը պետք է սահմանափակվի, Ալեքսանդրը պատասխանեց, որ ցանկացած նկար և հոլովակ յուրաքանչյուրը կարող է ընկալել այնպես, ինչպես ուզում է։ «Ինչքան մարդ, այդքան մոտեցում, ամեն մարդ ընկալում է իր մտավոր ունակությունների սահմաններում։ Եթե կան մարդիկ, որ մի կերպ դպրոցն են ավարտել կամ մարդիկ, որ թերհաս են, կմեկնաբանեն իրենց ձևով, կրթված և գիտակից մարդը՝ իր ձևով։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ով ինչպես հասկացել է, այնպես էլ մեկնաբանել է»,- կարծում է նա։
Ինչ վերաբերում է տեսանյութը հրապարակելը ճիշտ կամ սխալ համարելուն՝ Ալեքսանդրն ասաց, թե սոցցանցերում իր էջերն իր անձնականն են, ինչ հրապարակվում է՝ ևս։ Դիտարկմանը, որ գաղտնիք չէ, որ դրանք վերահրապարակվում են, նա արձագանքեց. «Գիտեմ։ Դեմ չեմ, թող խոսեն։ Միևնույնն է, միշտ իմ մասին խոսելու են, թեկուզ վատը»։
Անդրադառնալով Լիլիթի զայրույթին՝ սերիալային դերասանն ասաց. «Նա զայրացել էր, քանի որ նյութի մեջ ոչ մի բացասական բան չէր նկատել, բայց լրատվամիջոցները շատ տգեղ էին ներկացացրել ամեն ինչ, էլ չեմ խոսում մեկնաբանությունների մասին։ Գրողների մի մասի ընտանիքի իգական սեռի անդամներին շատ լավ ճանաչում ենք։ Չեմ ուզում տեղս թեթևացնել ու խորանալ ինչ-որ ճղճիմ և մանր թեմաների մեջ։ Միգուցե այդ վիդեոն մասսայականացնելու կարիք չկար, բայց նյութը հրապարակվել է, լավ էլ մեկնաբանությունների թեմա է դարձել։ Փաստն այն է, ինչ կա. բոլորը շատ հանգիստ կարող են մտածել, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, իսկ իրենց ընտանիքներում՝ լավ, թող իրենք իրենց երջանիկ ընտանիքներում ապրեն, մենք էլ՝ մեր վատ ընտանիքում»։
Զրույցի վերջում Ալեքսանդրն ավելացրեց, որ մինչ ամուսնությունն ինքը 4 մանկատուն, մտավոր թերություններ ունեցող երեխաների դպրոց է գնացել։ «Դա արել եմ առանց որևէ մեկի օգնության, բոլորին նվերներ և սնունդ եմ տարել, ի գիտություն այն բոլոր փսլինքների, ովքեր խոսում են, թե ես ամուսնությունից հետո եմ հարստացել։ Ոչ ոք դրա մասին չի խոսում, բայց վիդեոյի մեջ մեղայականով և ամաչելով հնչող «ապուշ» բառը դարձավ համար առաջին հանցանքը։ Հայերեն գեղեցիկ բառ կա դրանց համար, բայց դաստիարակությունս թույլ չի տալիս ասել»,- եզրափակեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի