Այսօր Հայ գրականություն առարկայի դասագրքերում զետեղված են Սայաթ-Նովայի մի շարք գործեր, և ոչ մի ակնարկ Կոմիտասի մասին: Որքանո՞վ է սա ճիշտ, որքանո՞վ է այս երևույթը հայեցի: Իհարկե ոչ ոք չի ուրանում Սայաթ-Նովայի ավանդը հայ աշուղական արվեստում, իրավամբ, նա այդ ասպարեզում մեծ էր, մեծ է և մեծ է լինելու: Պարույր Սևակն իր «Սայաթ-Նովա» գրքում գրում է. «Սայաթ-Նովան թեև ազգային-հայրենասիրական թեմաներով ոչ մի երգ չի գրել, չունի, բայց ազգային է Գողթան երգիչների չափ»:
Մեջբերենք մի քանի կետ Սայաթ-Նովայի կյանքից:
Նկատենք, որ Սայաթ-Նովան իր կյանքի մեծ մասն անց է կացրել վրաց Հերակլ 2-ի ապարանքում՝ որպես պալատական երգիչ:
Ամենայն հավանականությամբ‌ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։

1759-ի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղազարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի՝ գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
**********************************************************************************************
Իսկ ինչպիսի՞ն է Կոմիտասի ստեղծագործությունների ժանրը, ի՞նչ է արել Կոմիտասը, որը չի արել Սայաթ-Նովան:
Կոմիտասի մասին շատ բան կարելի ասել, երկար կարելի է խոսել, բայց ժամավաճառ չլինելու համար ուղղակի մեջբերենք մի քանի կետ նրա բազմակետ կյանքից:
.1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում[4]։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար:
.Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը:
...Կոմիտասն արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այստեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ:
.1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 9-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստն առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է.
«Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա։ Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ...»:
.Կոմիտասն ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է
«Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով։ Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետեւ բնութիւնն է նախ իր մեջ խօսած։ Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ։ Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած։ Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը եւ կեանքը կանդրադարձնեն»:
.Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։ 1903 թվականի վերջին 3 տարվա հավաքագրումներից հետո լույս տեսավ ժողովրդական երգերի «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ Հավաքագրման հարցում նրան օգնեց Մանուկ Աբեղյանը։ Այդ հավաքածուի երկրորդ տպագրությունը 1904 թվականին էր, իսկ 1905 թվականին հրատարակվեցին ևս 50 երգեր[14]։

.1903 թվականի աշնանը Թիֆլիսից Էջմիածին է հասնում Ջիվանին իր խմբով։ Կոմիտասն այդ առիթն օգտագործեց իր աշակերտներին աշուղական երաժշտության բուն աղբյուրի մասին գաղափար տալու նպատակով։ Նա իր մոտ հրավիրեց Ջիվանուն և ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում» և Ջիվանու «Ա՜խ, կորան» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները[18]։

.1904 թվականին իշխանուհի Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» հատորը (1903, Թիֆլիս) և առաջարկում օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա։ Նա ձեռնամուխ եղավ այդ գործին, կատարեց լայնածավալ աշխատանք, կազմեց օպերայի բեմականացման ծրագիրը, սակայն այդ աշխատանքն անհայտ պատճառներով երբեք չհրապարակվեց։

.1905 թվականի վերջին արդեն մտածում էր ճեմարանի ուսուցչությունից հրաժարվելու մասին, քանի որ նյարդային սաստիկ տկարություն ուներ։ 1906 թվականին Կոմիտասն արդեն չէր դասավանդում ճեմարանում։

.1906 թվականի դեկտեմբերին սկսվեցին հայ ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներով համերգները Փարիզում։ Այդ համերգներից մեկում տեղի ունեցած մի դիպվածի մասին Հրաչյա Աճառյանը գրել է.
«Իմացեր եմ, որ 1906 թուին Փարիզի մէջ Կոմիտասի ցուցադրական մէկ համերգէն վերջ, ֆրանսիացի յայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբիւսին, ծունկի գալով կը համբուրէ Կոմիտասի ձեռքերը, ըսելով. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջեւ կը խոնարհիմ...»:
.1907 թվականի հունիսին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա։ Կոմիտասը շատ էր հավանել այդ երկիրը. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է»։ Բնակվում էին Սբ. Մարկոսի հրապարակի հյուրանոցներից մեկում։ Կոմիտասը 3 շաբաթ աշխատեց Վենետիկի վանքում, իսկ մեկնելով Հռոմ՝ հանդիպեց Պիուս 10-րդ Պապին, որի օգնությամբ թանգարաններ մուտքի հնարավորություն ստացավ, որտեղ կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ։ Իտալիայից հետո մեկնեց Բեռլին, իսկ 1908 թվականի սկզբին՝ Թիֆլիս։ Նույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վահան Տեր-Առաքելյանի հետ համերգներ ունեցավ Իգդիրում, Վաղարշապատում, Երևանում և Բաքվում։ Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին։ Իր դասախոսությունները Կոմիտասն ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ։ Ներքին մեծ հուզմունքով կատարում էր քնարական, աշխատանքային, ծիսական և այլ երգեր, ղեկավարում իր կազմակերպած երգչախմբերը, որոնց մասնակից էր դառնում տեղի հայ երիտասարդությունը։

.1909 թվականի մարտին Թիֆլիսի Արքունական թատրոնում տեղի ունեցավ միջազգային եկեղեցական երաժշտության փառատոն, որում Կոմիտասի ղեկավարած երգչախումբը գրավեց առաջին տեղը:
.1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսիայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։
1910 թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։
.1911 թվականի ապրիլին Եգիպտոսի «Մանթաշով» նավթընկերության ընդհանուր գործակատար Հովհաննես Մութաֆյանի հրավերով Կոմիտաս Վարդապետը մեկնում է Եգիպտոս, որտեղ համերգներ և բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականի մայիսին Ալեքսանդրիայում համերգ տված երգչախումբը երկսեռ էր։

Կոմիտաս Վարդապետը ժամանակի հետ քայլող անձնավորություն էր. նա ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար, կրում էր մողեսի տեսքով կրծքազարդ և իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես։

1911 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնում է Փարիզ, այնտեղից էլ Անգլիա՝ հանգստանալու և կազդուրվելու համար։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ շարունակում է բազմաթիվ համերգներ տալ երգչախմբի հետ։ 1914 թվականի հունիսին Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերակցության համաժողովին՝ Լուի Լալուայի նախագահությամբ, որտեղ ունենում է բանախոսություններ:
**********************************************************************************************
Սայաթ-Նովան մեծ է, շատ մեծ, մեծ է նաև Կոմիտասը:
Ինքներդ որոշեք, ում կենսագրությունն ու ստեղծագործությունը պետք է ներառված լինի Հայ գրականություն առարկայի դասագրքում՝ Սայաթ-Նովայի՞, թե՞ Կոմիտասի:
Թող ոչ ոք չկարծի, որ ես ուրանում եմ Սայաթ-Նովայի ավանդը, քավ լիցի, ես խոնարհվում եմ նրա բարձր արվեստի ու անունի առաջ:

Հ.Գ. Ըստ իս՝ պետք է ներառվեն երկու հեղինակներն էլ, իսկ ընտրության դեպքում ընտրեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել