Ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի՝ Երևանը պետք է լիներ գեղեցիկ շինությունների, հաճելի ժամանցի վայրերի, շատ-շատ այգիների քաղաք, որտեղ ոչ մի նոր բան չպետք է ստեղծվեր հնի վախճանով, մի խոսքով՝ Երևանը պետք է լինի հնի ու նորի ներդաշնակություն:
Բայց հիմա ինչի՞ է նման Երևանը. սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի վայրեր և այլն: Իհարկե դա վատ չէ, ավելին՝ շատ լավ է, բայց մեկ րոպե կանգ առնենք և մտածենք, թե վերը նշված օբեյկտներն ինչի հաշվին կառուցվեցին, կամ ինչի փոխարեն կառուցվեցին այգիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, նաև հնատիպ շենքեր, որոնց կորուստը, թերևս, ամենաանդառնալին ու ցավալին էր:
Շատերն ասում են, որ Երևանում շնչելու օդ չկա... Կա, Երևանում օդ շատ կա, պետք չէ ամեն բան այդաստիճան ծայրահեղ դարձնել, պարզապես տգեղ է, որ, օրինակ, Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերը կառուցվեցին այգիների վրա ու հիմա էլ դատարկ են: Հյուսիսային պողոտան գեղեցիկ է, ինչ խոսք, բայց մի պահ Ձեզ ստվերող անշունչ շենքերի փոխարեն պատկերացրեք այգի, խոտ ծառ, ծառիկ, թուփ, մի խոսքով՝ կենդանի բնություն... Տարբերությունն այնքա՜ն մեծ է... Այսպիսի օրինակներ կարելի է շատ բերել, բայց այս մեկն ամենատպավորիչն ու բավարարողն է:
Եթե վերը նշված կորուստներին ավելացնենք նաև այն, որ շատ վաղուց, դեռևս ԽՍՀՄ-ի տարիներից մենք Երևանում կորցրեցինք հայատառ ցուցանակներ ու պաստառներ ունենալու մշակույթը, կարող ենք «ախ» քաշել...

Հ.Գ. Բայց հիմա կարևորը հետևյալն է. անցյալի անդարձ կորուստները թղթին հանձնել և պահպանել ներկայինը, որպեսզի հետո էլ «ախ» չքաշենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել