Ինչքան շատ քաղաքացի (անկախ սոցիալական պատկանելությունից, մասնագիտությունից և այլն) դատողություններ անի ու բարձրաձայնի իր մտքերը քաղաքականության մասին, այնքան լավ: 

«Մենք պետության հոգսերով չհետաքրքրվող մարդուն համարում ենք ոչ թե վնասակար, այլ անօգուտ. ու թեև մի քանիսն են միայն քաղաքականության աղբյուր, միևնույնն է, դրա մասին դատելու ունակություն բոլորս ունենք»,- ասում էր Պերիկլես Աթենացին (մ.թ.ա. 5-րդ դար), ասում ենք նաև դեմոկրատական պետության ջատագովներս :)

Միայն բռնապետություններին ու ավտորիտար վարչակարգերին է ձեռնտու, որ հնարավորինս քիչ մարդիկ (ասենք` մենակ «քաղաքագետները», քաղաքական գործիչները, մեկ-մեկ էլ` հատուկենտ լրագրողներ) դատողություններ անեն քաղաքականության մասին, որ մարդկանց մեծամասնությունը մտածի, թե իր խելքը չի հասնում, ինքը չի ջոգում քաղաքականությունից և այլն: Հենց որ այդպես մտածեն, ավելի քիչ մարդ կքննադատի իշխանություններին ու այն ավելի ուշ-ուշ կփոխվի (կամ ընդհանրապես չի փոխվի): Բայց փորձը ցույց է տալիս, որ հենց ինչ-որ մարդիկ երկար ժամանակով իշխանություն են ունենում, անպայման չարաշահում են. ամենայն իշխանություն այլասերում է, բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ: 

Մի խոսքով` քաղաքականությունը էն միակ բանն է երևի, որի մասին իրենց դատողությունները բարձրաձայնելու բարոյական իրավունք (եթե ոչ` պարտավորություն) ունեն դեմոկրատական երկրների բոլոր չափահասները, անկախ նրանից` հիմար-հիմար դուրս են տալիս, թե խելոք բաներ են ասում: Շատ աննորմալ կնայվի, երբ որ բժիշկը խոսի տնտեսագիտությունից կամ հակառակը (եթե նույնիսկ խելոք բաներ է ասում), բայց քաղաքականությունը էն բանն է, որից պետք է խոսեն բոլորը` անկախ մասնագիտությունից ու նույնիսկ կրթությունից` հատկապես նախընտրական ժամանակահատվածներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել