Մի քանի օր առաջ հարցեր էր ուղղել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության գրասենյակում իրեն քննադատողներին ընդունելու և այսպես ասած հաշիվներ պարզելու օպերացիայի շրջանակներում:
Նշել էի, որ իրականում ոչ մեկն էլ չի գնա, բայց դժվար չի լինի մի քանի հոգի, նույնիսկ մի քանի տասնյակ յուրային հավաքել, հարցեր բաժանել ու բանավեճի իմիտացիա ստեղծել: Հետո էդ մարդիկ իբր կփոխեն իրենց կարծիքը մեծ առաջնորդ Նիկոլի մասին, պաթետիկ մի երկու ճառ կասեն, դա էլ բնականաբար կնկարեն, ցույց կտան ու վերջ: ՓԻԱՌ-ը պատրաստ է:
Հարցրել էի, թե ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու և նոր միայն իշխանություններին հաղթելու բլեֆով որքա՞ն ժամանակ եք պատրաստվում մոլորեցնել հայ հանրության մի հատվածին:
Եվ երկրորդ հարցս էր եղել, թե քաղաքական գործչի հիմնական գործերից մեկը քաղաքական լրջագույն գործընթացներին մասնակցություն ունենալն է: Ու բացի անարդյունք քննադատությունից, ինչո՞ւ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Դուք կամ Ձեր կուսակցությունից որևէ մեկը մի տեղամասում չկանգնեց, որ պաշտպանի ընտրողի քվեն: Ինչո՞ւ երբ գործը հասնում է ռեալ, իրական պայքարին, ապա դա Ձեր կողմից կամ կեղծ օրակարգ է հռչակվում, կամ Դուք չկաք: Բնականաբար, պատասխաններ չկան: Բայց ոչինչ, շարունակենք:

Այսօր ուզում եմ տալ հետևյալ 2 հարցը՝ 1. Ինչպե՞ս է ստացվում, որ պառլամենտի նիստերի օրերին, եթե գեթ մեկ բառ եք արտասանում, ապա դա դառնում է Հանրայինի և մյուս «անկախ» հեռուստաընկերությունների թոփ լուրը: Բա ասում եք՝ Հայաստանը բռնապետություն է, էդ դեպքում ո՞նց կբացատրեք իշխանական կայքերի և TV-ների սերը Ձեր հանդեպ, եթե Դուք չեք վայելում իշխանությունների բարձր հովանավորությունը: Հայտնի անեկդոտի նման՝ քիչ ա մնում արդուկը միացնենք, ու էլի Դուք լինեք եթերում:

Եվ երկրորդ՝ ինչպե՞ս կբացատրեք Ձեր ուրացումը ՀԱԿ-ից: Ընդունում եմ, որ հնարավոր է՝ գար մի պահ, որ Ձեր ու ԼՏՊ-ի ջրերը մի առվով չգնային, հաշվի առնելով թե՛ ԼՏՊ-ի և թե՛ Ձեր ինքնահավան կեցվածքն ու ամբիցիաները: Մի ժամանակ Ազատության հրապարակի բեմից էնպես էիք ազդարարում ԼՏՊ-ի մուտքը հրապարակ, որ լսողը կմտածեր, թե Փրկչի երկրորդ գալստյանն են ականատես լինելու: Եթե այդքան ազնիվ ու սկզբունքային էիք, ինչո՞ւ վայր չդրեցիք պատգամավորական մանդատը, երբ դուրս եկաք ՀԱԿ-ից: Չէ՞ որ ժողովուրդը քվեարկել էր ոչ թե Ձեր օգտին, այլ ՀԱԿ-ի՝ գերազանցապես Լևոն Տեր-Պետրոսյանի:

Պարո՛ն Փաշինյան, ինչպես կասեր հայտնի պերսոնաժը, որին սիրում եք այդքան «խնամքով» քննադատել, քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, խելք պետք է, իսկ իմ տպավորությամբ Ձեզ թվում է, թե ամենախելոքը Դուք եք, իսկ ժողովուրդը…
Դե երևի մտածում եք՝ ժողովուրդն ի՞նչ, Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին ու Գագիկ Խաչատրյանին, Իշխան Զաքարյանին ու մյուսներին անխնա կքննադատեմ, կդառնամ ժողովրդի սիրելին, ու ընտրություններում ինձ կքվեարկեն: Այ, այ, այ… վատ եք խաղում, պարո՛ն Փաշինյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել