Դեկտեմբերի 30-31-ին տեղացած ձյունը որոշակի նյութական վնասներ էր հասցրել գյուղացիներին: Առատ ձյունը վնասել էր գյուղացիների ջերմոցներն ու դրանցում աճեցվող բանջարաբոսանային կուլտուրաները:

Այսօր որոշակիորեն լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Բնակիչները բողոքում էին, թե ձյունն ավերել է ջերմոցները, և իրենք հայտնվել են դժվար վիճակում: Պնդում էին՝ հույս ունեն դուրս գալ ստեղծված իրավիճակից, և այդ հույսն է ստիպում, որ չեն փորձում ընտանիքներով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել հայ-թուրքական սահմանն անցնել՝ ապաստան խնդրելով այդ երկրից:

Այն, որ գյուղացիների բարձրացրած խնդիրն ու մտահոգությունները տեղին են, քննարկման ենթակա չէ: Արաքսի բնակիչները կրել են որոշակի վնասներ, և պետք է ինչ-որ կերպ ձեռք մեկնել գյուղացիներին, սակայն այստեղ կա կարևոր նրբություն:

Դիցուք, ես ունեմ ավտոտնակ, որը տվել եմ վարձակալության և ամսական որոշակի գումար եմ վաստակում ապրելու համար: Դրա կողքին գտնվող հաստաբուն բարդին օրերից մի օր ընկնում է ուժեղ քամու պատճառով և ավերում է ավտոտնակս: Ես որոշ ժամանակ զրկվում եմ ավտոտնակի վարձավճարից: Հիմա ի՞նչ անեմ, դուրս գամ ու ասեմ. «Եթե խնդիրս չլուծեք, ապա կհատեմ հայ-ադրբեջանական սահմանն ու կհանձնվեմ ադրբեջանցիների՞ն»: Արդյո՞ք իմ այս քայլը կլինի արդարացի:

Հիմա նույն կերպ եղել են եղանակային անբարենպաստ պայմաններ, ձյան հետևանքով քանդվել են որոշ ջերմոցներ, իսկ մարդիկ միանգամից բղավում են՝ «եթե չօգնեք, բոլորով կանցնենք սահմանը»:
Պետության և ժողովրդի հետ շանտաժի ու սպառնալիքի լեզվով չեն խոսում: Եթե սպառնում եք Թուրքիա գնալով, կարծում եմ, նվազագույնը ցույց եք տալիս ձեր իրական դեմքը: Ու այս ամենը Գագիկ Շամշյանն այնպիսի հարայ-հորոցով է լուսաբանում, կարծես խոսքը գնում ծիծակ համարներով ջիպի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել