Որքան էլ մեծ է Իրանում տնտեսական պատժամիջոցների կասեցման ոգևորությունը, իրանցիք չեն կորցնում իրենց զգոնությունը և մտածում են բնապահպանական խնդիրների մասին: Թեհրանում օդի աղտոտվածության խնդիրը հայտնվել է լրատվական կայքերի կարևորագույն լուրերի շարքում:

Իրանում Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այդ կապակցությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել էլեկտրաէներգիայով լիցքավորվողներով: Ըստ նրա՝ «մեծ ողբերգություն» չի լինի, եթե վարորդները 170 կմ/ժ-ի փոխարեն սկսեն երթևեկել 40-50 կմ/ժ արագությամբ:

Եվ սա ասում է մի երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որտեղ նավթը և նավթամթերքը հսկայական եկամուտներ են ապահովում: Գուցե կարելի է կարծել՝ ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավը «գժվել» է, որ հրաժարվում է այդ եկամուտներից, բայց ստացվում է՝ «գժվել» են բոլոր նրանք, ովքեր, անտեսելով էկոլոգիական խնդիրները, մտածում են միայն սեփական գրպանի ծանրության մասին: Մյուս կողմից, դա հերթական վկայությունն է այն բանի, որ ԻԻՀ-ը չի փորձելու բացառապես նավթի վրա հիմնված տնտեսական քաղաքականություն ծավալել: Ճիշտ մտածելակերպ, որը ցայժմ հասու չի եղել հարևան Ադրբեջանին՝ կանգնեցնելով վերջինիս լրջագույն խնդիրների առաջ՝ կապված նավթի գնի տատանումների և մոտ ապագայում այդ երկրի նավթային պաշարները վերջանալու վերաբերյալ հիմնավոր կանխատեսումների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել