Չնայած ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ ու կուզենայի հանգստանալ, բայց ես տարբեր նամակներ եմ ստանում, ու տարբեր երկրպագուներ գրում են իմ էջում եւ ուզում են իմանալ իմ կարծիքը տարվա լավագույն մարզիկների ցուցակում իմ չլինելու մասին: 
Ուզում եմ ասել, որ իմ խնդիրն ինձ չի հետաքրքրում: Ես երբեք չեմ խաղացել մեդալների կամ կոչումների համար: Ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ օգուտ տալ մեր ազգային հավաքականին, մեր երկրին ու իմ երկրպագուներին, ուրախացնել մեր ժողովրդին եւ շարունակելու եմ ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի իմ խաղով ավելի օգտակար լինեմ մեր հավաքականին ու իմ երկրին: Ես կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար եւ ազնիվ, քանի որ սպորտի մեջ մենք պայքարում ենք ազնվության համար: Կարծում եմ` իմ երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանան եւ չեն կարծի, որ ցուցակում չլինելու համար ցավ եմ ապրել, քանի որ Հայաստանում կան ինձանից ավելի արժանավոր մարդիկ, ովքեր չկան լավագույն մարզիկների ցուցակում, ինչպես օրինակ մեր շախմատի ոսկե հավաքականի տղաները, ովքեր միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, եւ նրանց միջոցով արդեն մի քանի տարի ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին: Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացել եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ լուրերից, բայց չեմ պատրաստվում այդ պարգեւը ստանալ, քանի որ ես կարծում եմ, որ պետք է ստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության արդյունքում, իսկ մնացածը ինձ չի հետաքրքրում: Ես որպես մարզիկ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լավագույն մարզիկներին եւ ցանկանում եմ առողջություն: Ցանկանում եմ, որ եկող տարում մեր մարզիկները նույնպես ունենան մեծ հաջողություններ եւ երջանկացնեն մեր ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել