Ինչպես գիտեք, ես սկսել եմ վերը նշված վենագրի ներքո խոսել ժամանակակից հայ մտավորականության ակնառու դեմքերի մասին, ովքեր ի տարբերություն որոշ մտավորական կոչեցյալների, իրոք գործում են, գործում են միայն հանրորեն, որից շահում է ազգը, հայրենիքը, պետությունը, այսինքն` նրանք ազգ-հայրենիք-պետություն կապի ամրապնդողն ու սերունդներին ժառանգողներն են:
Այս անգամ ուզում եմ մի փոքր խոսել հայ մտավորականության ակնառու դեմքերից մեկի `կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Սասուն Պասկևիչյանի մասին:
Թե ո՞վ է Սասուն Պասկևիչյանը, հայտնի է ցանկացած հայի, ով քիչ թե շատ հետաքրքրված է հայկական մշակույթով, մասնավորապես երաժշտությամբ:
Սասուն Պասկևիչյանը ծնվել է 1939թ. հոկտեմբերի 5-ին Երևանում:
1957-1962 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1963 թվականին եղել է ՀԽՍՀ կոմունալ մինիստրության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյի գեոդեզիական բաժնի պետ, ապա՝ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի «Ստորգետնյա կոմունիկացիաների ինվենտարիզացիա» բաժնի պետ։ Աշխատել է Հայաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյում, նախ՝ լաբորատորիայի վարիչ, ապա՝ հետազոտական խմբի պետ։ 1975-1977 թթ. աշխատել է Երևանի մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում՝ որպես կապիտալ շինարարության բաժնի պետ,
Չնայած իր զբաղեցրած բարձր պաշտոններին, կոմպոզիտորը ձգտում էր դեպի ազգային մշակույթը: 1977թ ստանձնում է Հայաստանի ռադիոյի և հեռուստաընկերության պետական կոմիտեի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատում է մինչև 1980թ.:
Մեծ կոմպոզիտորը 1958 թվականից սկսել է ստեղծագործել:Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Պասկևիչյանը ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք։
1980-2004 թթ. ապրել է Լոս Անջելեսում։ Մինչև 1988 թվականը զբաղվել է լրագրությամբ՝ «Սևան» երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից։ 1988 թվականին Լոս- Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը, որը գործել է մինչև 2004 թվականը։ Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, այսինքն` կարելի է վստահորեն ասել, որ Սասուն Պասկևիչյանի հայրենիքից հեռու լինելու փաստն արդարացված էր, քանի որ,բացակայությունը ժամանակավոր էր, բացի դրան այդ տարիները նա ծառայեցրել է հօգուտ հայկական մշակույթի:
Սասուն Պասկևիչյանի հանճարն ստեղծել է այնպիսի երգեր` ինչպիսիք են.
«Դու հեռացար»
«Հայր իմ»
«Ներիր ինձ, մայրիկ»
«Ամեն տեսակ երգ երգեցի»
«Մինչև էգուց»
«Դու երկու տառ»
«Աշուղ Սայաթ-Նովի նման»
«Կարոտի պահին»
«Նարինե»
«Մայրս»
«Արագիլները»
«Ես չգիտեմ, թե ինչու»
*********************************
Ձայնագրություններ`
«Հայր իմ», 1978
«Կարոտ», 1980
«Մայրս լիներ»
«Դու հեռացար», 1982
Սասուն Պասկևիչյանն արժանացել է բազմաթիվ կոչումների, բայց նրա նման մտավորականի համար ամենամեծ կոչումը Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումն է:
Հ.Գ Սասուն Պասկևիչյանը կարող էր չստեղծագործել, բայց ստեղծագործեց ու իր ավանդը դրեց հայ մշակույթի փառավոր էջերում, քանի որ, նա հայկականը լեզվից բացի, կրում էր նաև իր սրտում:
Ճանաչե՛նք մեր մտավորականներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել