Ամեն մարդ ինքն է տնօրինում իր կյանքը և ազատ է ցանկացած որոշում կայացնելու: Կան մարդիկ, ովքեր, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, լքում են իրենց բարոյական հանգրվանը` հայրենիքը:
Կարե՞լի է լքել հայրենիքը, թե՞ ոչ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են մոտենում այս հարցին, աչքի անցկացնենք մի հատված հայ մեծանուն գրող Ռուբեն Սևակի կյանքից:
***********************************************************************************
1915թ. Հայոց ցեղասպանության նախօրեին, երբ շատերը լքում էին Հայաստանը*, 1914թ. արևմտահայ գրականության կարկառուն դեմքերից մեկը` բժիշկ, գրող, հրապարակախոս Ռուբեն Սևակը, թողնելով Եվրոպան ու հակառակ կնոջ` Յաննի աղաչանքներին և Պոլսից հասնող ահասարսուռ լուրերին, վերադառնում է Հայաստան:
Սևակը Եվրոպայում թողեց ամենքին և ամեն ինչ` սիրելի կնոջը, երեխաներին, ապահով ու բարեկեցիկ կյանքը, որ մեծ ապագայի առհավատչյա էին նրա համար: Վերադառնալով Պոլիս՝ Սևակն սկսում է աշխատել իր մասնագիտությամբ: Նրան հաջողվում է հայտնվել ժամանակի առաջադեմ հայ մտավորականության շարքերում: Չնայած սկզբնական հաջողություններին՝ նա քաջ գիտակցում էր, որ հայերի գլխին սև ամպեր են կուտակվում, և ուր որ է «տեղատարափը» կսկսվի: Սևակի նամակներից մեկը վկայում է, որ նա ի սկզբանե գիտակցում էր մոտալուտ ողբերգությունը, որի կրողը պիտի լիներ նաև ինքը, «Կըցանկամ, որ վերջնականապես հայրենիք վերադառնալե առաջ, երթամ գոնե գարուն մը, կյանքիս հաշվված գարուններեն մին Վենետիկ անցնեմ, ապրիմ, ապրիլըս զգամ, մեռնիլս կանխազգալե առաջ»:
1915թ Սևակին զորակոչում են օսմանյան բանակ՝ որպես բժիշկ, բայց շուտով ձերբակալվում է և ուղարկվում Չանղըրա: Աքսորավայրից նա մի քանի նամակ է ուղարկում կնոջն ու պնդում, որ ինքը լավ է, և բնավ հարկ չկա անհանգստանալու, մասնավորապես հունիսի 17-ին Յաննիին գրում է. «Շատ հանգիստ եմ, մի մտահոգվեք ինձի համար, շնորհքն աստուծո, քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի և մենք միասին կըլլանք»:
Սևակի կինը, ով գերմանացի գնդապետ Ֆրանս Ապելի դուստրն էր, ամեն բան անում է ամուսնուն օգնելու համար, նա մի քանի անգամ գրավոր դիմում է գերմանական հյուպատոսարան՝ խնդրելով ազատ արձակել ամուսնուն, բայց ապարդյուն:
Պահպանվել է Սևակի վերջին նամակը՝ թվագրված 1915թ. 25-ին, որտեղ գրում է. «Այսուհետ նամակները Այաշ ուղարկեք»:
Մեկ օր անց՝ օգոստոսի 26-ին, հինգշաբթի առավոտյան Ռուբեն Սևակը Դանիել Վարուժանի, Սիամանթոի և ևս երկու հոգու հետ կառքով ուղարկվում է Այաշ, ժամեր անց Ռուբեն Սևակն ընկերների հետ սպանվում է:
Մինչ սպանվելը Սևակը Չանղըրայում բուժում է մի հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա՝ փորձելով իր երախտագիտությունը հայտնել, աղջկա հայրը Սևակին առաջարկում է կրոնափոխ լինել և ամուսնանալ աղջկա հետ, բայց Սևակը կրրականապես մերժում է և ասում. «Կրոնափոխությունն ազգադավություն է»։
***********************************************************************************
Հ.Գ. Հարկավոր է խորը մտածել և հասկանալ, թե հանուն ինչի Սևակը թողեց ապահով կյանքն ու նահատակվեց... Պարզից էլ պարզ է, որ դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ազգի դժբախտությունն ազգակիցների հետ հավասարապես կրելը... Օ՜, որպիսի անձնազոհ հայրենասիրություն, քանզի հայրենիքն արհավիրքի ժամանակ սիրողն է իրապես հայրենասեր:
Վերջում հարկ է մեջբերել Սևակի հետևյալ ստեղծագործությունը.
«Հուսահատներուն համար
այս կյանքին մեջ տեղ չկա...
Վա՜յ հոգևոր ու
մարմնավոր տկարներուն,
Վա՜յ երկչոտներին,
Վա՜յ հոռետեսներուն,
Վա՜յ թերահավատներուն:
Վատերուն համար
այս աշխարհին մեջ տեղ չկա՞:
Հառաջ, ապրիլը հաղթե՜լ է»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել