Այսօր կներկայացնենք այն հազարավոր տաղանդաշատ հայորդիներից մեկին, ով կարողացավ իր ոլորտում լինել առաջինը և իր ավանդը ծառայեցնել ամբողջ աշխարհին:
Խոսքն Արամայիս Սարգսի Հարությունովի մասին է, ում ստեղծած նորարարությունները, իրավամբ, հեղափոխական նշանակություն ունեցան ամողջ նավթաարդյունաբերության մեջ:
1893 թվականին Թիֆլիսում, հայտնի գործարար Սարգիս Հարությունովի ընտանիքում ծնվեց ապագա գյուտարար Արամայիսը: Թիֆլիսի ռուսական գիմնազիայում հիմնավոր կրթություն ստանալուց հետո տաղանդաշատ պատանին ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի պետական անտառ-տեխնիկական համալսարան, որն ավարտում է ժամկետից շուտ` երեք տարում:
Պատանի Արամայիսը իր առջև խնդիր էր դրել կատարելագործել 1900-ական թվականների սկզբում Ռուսաստանում տարածված նավթահանման արդեն հնացած մեթոդները: Եվ նա արդեն 16 տարեկանում հասակում սկսում է հավաքել նավթահանման պոմպի (насос) էլեկտրաշարժիչի իր սեփական օրինակը, որը, նոր պայմաններից ելնելով, Հարությունովը ցանկանում էր պատրաստել փոքր տրամագծով, սակայն մեծ հզորությամբ: Իսկ այդ ժամանակ նավթարդյունաբերության մեջ կարծրատիպ էր դարձել այն կարծիքը, որ փոքր տրամագծով շարժիչները մեծ հզորություն չեն կարող մղել: Սակայն շուտով Հարությունովի գյուտերը կգան կոտրելու այդ բոլոր կարծրատիպերը:
1911 թվականին 17 ամյա Արամայիս Հարությունովը հիմնում է իր սեփական ընկերությունը, որն անվանում է «Российское Электрическое Динамо Компании Арутюнова» («REDA», լավ հիշենք այս ընկերության անվանումը, որովհետև այն հետագայում դարձավ աշխարհահռչակ և իր ոլորտում լավագույնը): 1916 թվականին Հարությունովի էլեկտրաշարժիչն արդեն պատրաստ էր:
Սակայն շուտով Ցարական Ռուսաաստանում բռնկված Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված խառնափնթոր իրավիճակը Հարությունովի նման գիտնականների համար գործելու անհնարինություն է ստեղծում և հարկադրում բախտ որոնել Արևմուտքում: Հարությունովը նախ մեկնում է Գերմանիա, ապա՝ 1923-ին՝ ԱՄՆ: Սկզբնական շրջանում, երբ Հարությունովն իր գյուտը ցույց է տալիս աշխարհահռչակ նավթային ընկերություններին, նա մերժում է ստանում, այն պատճառաբանությամբ, որ նրա գյուտը հակասում է էլեկտրականության բոլոր օրենքներին: Սակայն շատ չանցած «Phillips Petroleum Company»-ի ղեկավարությունն արժանվույն կերպով է գնահատում հայ գյուտարարի աշխատանքը, և 1928 թվականին նա Օքլահոմա նահանգի Բրատլսվիլ քաղաքում հիմնադրում է «Bart Manufacturing Company» ընկերությունը, որը 1930-ից անվանափոխվում է «REDA Pump» (Հարությունովը կրկին օգտագործում է Ռուսաստանում հիմնած իր ընկերության անվանումը` «Russian Electrical Dynamo of Arutunoff»):
Շուտով Կանզաս նահանգի Բեռնս քաղաքում տեղադրվում է Հարությունովի տեխնոլոգիայով պատրաստված նավթահանման առաջին պոմպը, որի արդյունքը շլացնող էր: Հարությունովի գյուտի մասին լուրերը սկսեցին համակել ամբողջ ԱՄՆ-ն: Տաղանդաշատ հայի մասին սկսեցին հոդվածներ տպագրել «The New York Times»-ը և այլ հայտնի ամերիկյան պարբերականներ:
1938 թվականին «REDA» ընկերության պոմպերով արդեն արդյունահանում էին ԱՄՆ-ի նավթի 2 %-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Լենդ-լիզի»-ով տրամադրվող օգնության շրջանակներում ԽՍՀՄ-ին տրվեցին նաև Հարությունովի ստեղծած տեխնոլոգիայով գործող հարյուրավոր պոմպեր: Իսկ երբ ավարտվեց պատերազմը, ԽՍՀՄ-ից ԱՄՆ ուղևորվեց խորհրդային ինժեներների պատվիրակությունը, որպեսզի տեղում ծանոթանա Հարությունովի ընկերության փորձին: Հարությունովը, իմանալով, որ իր մոտ հյուր են եկել ԽՍՀՄ-ից, դրան մեծ ուրախությամբ է արձագանքում: Նա նրանց ոչ միայն իր սարքավորումներն է ցուցադրում, այլ նաև պատրաստի գծագրեր է տալիս (առատաձեռն հային հատուկ վարքագիծ):
Այժմ նավթի արդյունահանման ոլորտում աշխարհի լավագույն պոմպերը Հարությունովի հիմնած «REDA Pump»-ի պոմպերն են: Այդ պոմպերն այսօր անփոխարինելի են ամբողջ աշխարհում, դրանցից արդեն արտադրվել է մի քանի հարյուր միլիոն օրինակ, որոնք օգտագործվում են աշխարհի բոլոր ծայրերում: Արդեն 100 տարի է անցել, բայց այդ պոմպերին համարժեք այլընտրանք դեռևս չի ստեղծվել: Նավթաարդյունահանման ոլորտի առաջատար երկրներից մեկի` Ռուսաստանի օրինակն էլ միայն բավական է ցույց տալու համար, թե ինչպիսի հեղափոխական դեր ունեցան Հարությունովի տեխնոլոգիայով պատրտաստած նավթապոմպերը: Ռուսաստանի նավթի 75%-ն այսօր արդյունահանվում է Հարությունովի տեխնոլոգիայով պատրաստած պոմպերով:
Տաղանդավոր հայ գյուտարարն իր երկրային երկար ճանապարհն ավարտեց 1978 թվականին ԱՄՆ-ում: Նրա նկարը մինչ օրս փակցված է Օքլահոմայի փառքի սրահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել