Դերասան Աբել Աբելյանը տևական դադարից հետո առաջիկայում կնկարահանվի նոր բազմասերիանոց ֆիլմում։ «Առաջիկայում կրկին էկրաններին կլինեմ, սակայն առայժմ չեմ կարող խոսել մանրամասների մասին»,- ասաց Աբելը՝ խոստանալով առաջինը BlogNews-ին պատմել մանրամասները։) Դերասանը նշեց, որ 2016-ին մի շարք նախագծեր ունի։
«Դադարի ընթացքում հնարավորություն ունեցա ավելի մասնագիտանալ, կարողացա ավելի շատ ժամանակ տրամադրել իմ դպրոց-ստուդիային, մասնագիտանալ որպես պրոդյուսեր»,- ասաց  Աբելն ու հավելեց, որ այս ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում է ներկայացել որպես պրոդյուսեր։ «Ռուսական շուկայի համար նախատեսված 2 ֆիլմ կա, որոնց պրոդյուսերական կազմում եմ ընդգրկված։ Մեխանիզմը, ըստ էության, նույնն է, մասշտաբներն են տարբեր»,- ասաց Աբելը։
Աբելը խոստովանեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով ուշ երեկոյան է վերադառնում տուն, և ընտանիքը մի փոքր տուժում է, սակայն հնարավորության սահմաններում փորձում է ազատ ժամանակ գտնել կնոջ ու որդիների համար։ «Կինս՝ Օլյան, ըմբռնումով է մոտենում իմ զբաղվածությանը։ Նա էլ մասնագիտությամբ դերասանուհի է ու ամեն բան շատ լավ հասկանում է»,- ասաց նա ու հավելեց, որ փոքրիկների խնամքի հարցում Օլյային օգնում է դայակը։ «Նա մեր տան անդամն է ու ամեն ինչով օգնում է, կարծես երկրորդ մայր լինի երեխաների համար։ Երկու փոքր երեխա ունենալը շատ ծանր է, սակայն նա շատ է թեթևացրել մեր գործը»,- նշեց դերասանը։
Երկուսուկես տարեկան Էրիկն ու մեկուկես տարեկան Ռոբերտն իրար հետ դեռ չեն խաղում։ «Ավելի հաճախ փոքր տղաս փորձում է խլել մեծ տղայիս խաղալիքները, նա էլ պաշտպանվում է։) Միասին խաղալու համար դեռ փոքր են,- ասաց նա ու հավելեց, որ փորձում է հնարավորինս շատ խաղալ որդիների հետ։ -Ռոբերտը դեռ փոքր է, նրա հետ ավելի հաճախ տանն ենք լինում, իսկ մեծ տղայիս հետ հաճախ գնում ենք խաղահրապարակներ, տանում եմ ու ոչ մի կերպ չեմ կարողանում հետ բերել տուն։)»։
Դերասանը շատ է ցանկանում նաև դուստր ունենալ, սակայն կարծում է, որ դեռ պետք է սպասել. «Միշտ մտածում եմ աղջիկ ունենալու մասին, սակայն կինս մեղկ է, կարծում եմ՝ դադար առնելու ժամանակն է։ Աստծո կամքով մի քանի տարուց դուստր էլ կունենանք։ Ցանկանում եմ աղջիկ ունենալ, որ որդիներս էլ քույր ունենան ու «տիրություն» անեն նրան»։
   
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել