Ես այսօր դիտեցի «Անահիտ» մուլտֆիլմը: Հեքիաթից ոչինչ չէր պահպանվել: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիմքում մարդն է՝ որպես ամբողջություն՝ իր բարդ կազմությամբ: Մարդ գումարած բնություն կապն է, այդ կապը ներդաշնակություն է ստանում աշխատանքի գաղափարի շնորհիվ: Մարդն ապրում է, մաքառում, աշխատում: Աշխատանքը նվիրագործության իմաստ է ստանում: Ու որպես արդյունք մարդը սրբագործվում է, քանի որ աշխատանքն է նրան սրբագործում, աշխատանքն արդեն ինքը ՍՐԲԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է: Մաքառման արդյունքում ձեռք բերված պսակն ու պտուղները: Ի վերջո նպատակը, նվիրումը, տքնանքն ու ազնիվ ջանքերը, վերստին միանալով ամբողջի հետ, մաս են կազմում բնության, ու որպես ամենի վարձահատուցում, որպես մարդու հոգու երախայրիքը (քանի որ մարդն առաջին իր ճանաչողությունը ստանում է գիտանքի, գործի ու նրանից քաղած պտուղների շնորհիվ) աշխատանքը սրբանում է ու ստանում ՍՐԲՈՒԹՅԱՆ իմաստ:
Արքան խորհրդանշում է բարձրագույն աստիճանակարգը: Ինչո՞ւ է Անահիտը նրան խորհուրդ տալիս արհեստ սովորել: Թագավորը հենց ինքն աշխատողն է: Նա վերջին ու առաջին մշակն է իր երկրի: Նրա՝ արքա լինելու գաղափարն արժևորվում է աշխատանքի, այսինքն՝ հմտության, կարողության, աշխարհաճանաչման, բարձր գիտակցականության գաղափարով: Աշխատանքը՝ որպես իմաստության ու արդարության (ով աշխատում է, նա արդար է) միտքը: Կյանքը հարափոփոխ է. արքան կարող է դառնալ գերի, սակայն երբ առկա է արդար հիմքը, իմաստությունն ու արժեքայնությունը՝ որպես այդպիսին, ապա դա արդեն միտում է դեպի հավերժականության, անանցության գաղափարին: Վաչագան թագավորն ազնիվ էր, բարեբարո և իմաստուն: Դրա համար էլ նա ազատվեց թակարդից: Թագավոր ու արհեստավոր: Սովորական արհեստավորն ուշիմությամբ, խոհականությամբ (իմաստություն) ու աշխատանքով կարող է ստանալ ազնվազարմության ու հարգանքի պատվոընծան, մոտենալ ազնվականության արժեքայնությանը: Իսկ արքան, անցնելով տառապանքների միջով ու իմաստնանալով, ավելի կընդգծի, ամուր հիմք կստեղծի, կարժևորի իր տիտղոսը: Քանի որ ամեն ինչ անցավոր է ու ժամանակավոր, ապա նա, ով կյանքին մոտենում է բարության ու հիմնարար արժեքներից ելնելով (աշխատասիրություն, ազնիվ ջանք), ստանում է կյանքի օրհնությունը, լինի շինական, արհեստավոր, թե արքա:
Ինչո՞ւ Վաչագանն ընտրեց Անահիտին՝ այս դեպքում սովորական աղջկա: Քանի որ նա միակ մարդն էր, ով արքային չթողեց դժբախտության, մենակության մեջ միայնակ: Սերը ստանում է համընդհանուր, տրանսցենդենտալ արժեք, դուրս գալիս դասային, ռասայական կամ այլ պարփակումներից: Մուլտֆիլմում այս ամենը չկա: Աղավաղված, աղճատված է պատումը: Վաղինակի կերպարը վերածվել է Սերոբի: Վաղինակը հեքիաթում իմաստավորում է ընկերության գաղափարը: Նույնիսկ դժբախտության մեջ մարդու հետ է իր ընկերը, զինակիցը, դժբախտությունը միասին են կիսում՝ ընկերոջ հետ: Վաղինակն արքայի զինակիցն է, նա պետք է լինի ավելի լուրջ (քան Սերոբն է. ինչ որ կատակաբանի, գրոտեսկային դայակի, սիրելի ու բարի դմբլոյի կարգավիճակում), քանզի լրջագույն փորձության պահին կիսում են ապրումներ, ունենում անցյալ, որ ամրագրվում ու իմաստնանում է: Լուրջ մարդ է պետք, լուրջ ձայն, քանզի ավելի լուրջ են կրքերն ու ապրումները: Որևէ իմաստով, այո, հեքիաթի հիման վրա մուլտֆիլն նկարելը հեշտ չէ, պետք է թոթափել ծանրությունը, դարձնել ժամանակակից, գրավիչ, բայց միևնուն ժամանակ պահպանել հեքիաթի ուրույնությունն ու հմայքը, հիմնական առանցքային դրույթները: Հրանտ Թոխատյանի անլուրջ, չգիտես իրեն, թե հանդիսատեսին անվերջ հեգնող ձայնը, նրա ստեղծած կերպարն արդյո՞ք տեղին էր: Անհետացել է հեքիաթի ռոմանտիկան, կախարդականությունը, խորհրդավորությունը: Ո՞վ է այդ Ազարը: Մեր չար հարևան ազե՞րն է արդյոք, ով, վերափոխվելով ազարի, սողոսկել է մեր հեքիաթի մեջ: Եթե Ազարը որպես կերպար չար է, ապա ինչո՞ւ է չար: Նա ընդհանրապես չունի որևէ պատմություն: Անցյալ, ներկա, կերպարի ստեղծման նախադրյալներ: Ու ինչպես ասում են՝ это из другой оперы: Աղոտ, մշուշոտ, անկապակից նմանություն «Համլետին» կամ «Առյուծ արքա» հրաշալի մուլտֆիլմին: Կան նաև որոշակիորեն ադրբեջանցիներին ուղղված կադրեր: Բայց մուլտֆիլմը մի՞թե պետք է լինի հատուկ տրամպլին մեզ համար հայ-ադրբեջանական պայքարի համատեքստում: Կարելի է, ինչու չէ, բայց դա արդեն Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը չէ: Հեքիաթում Վաչագանը հայտնվում է անծանոթ, չգիտես ում կողմից նենգորեն հյուսած (Չար քրմապետի) որոգայթում: Մարդուն փորձանք կարող է սպասել ճակատագրի ցանկացած պահի, ցանկացած վայրում, անծանոթ ու անիմանալի չար ուժերի կողմից: Միշտ պետք է ուշիմ լինել: Հնարավոր է՝ լինեն թշնամիներ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք: Պետք է լինել աչքը բաց, պատրաստ ցանկացած վտանգի: Մի՞թե չարժեր, որ այս գաղափարը երևար Ֆիլմում: Մուլտֆիլմը թեև ունի գեղարվեստական արժանիքներ, սական գեղեցիկ պատկերները պետք է ուրույն կերպով լրացնեն կախարդական պատումին, ընդհանուր մթնոլորտ ստեղծեն, էլ ավելի արտահայտիչ դարձնեն այն: Սակայն պատումը կիսատ է, անհետևանք, այդ պատճառով վերոհիշյալ տարրերի անջատումը մեծ է: Եվ, ի վերջո, տրված չէ սիրո գաղափարը, Անահիտի ու Վաչագանի մեծ սիրո գաղափարի շունչը:
Սերը՝ որպես գեղեցիկ ու մեծ արժեք:
Սերը՝ որպես պատումը ձևաստեղծող ու թև տվող:
Սերը՝ որպես, ի վերջո, այդքան տառապանքներից հետո պարգև, մաքրագործում, սրբագործում:
Սերը՝ որպես համընդանուր հյուլե, տարրալուծված ամեն կերպարի մեջ, որպես բնության կենսագործող ուժ:
Սերը՝ որպես անըմբռնելի միստիկա, ազգային հոգեկերտվածքը վերծանող, անորսալի արխետիպերի նյութ, էթնոհոգեբանություն:
Սերը՝ որպես գողտրիկ ու նուրբ մի պատմություն (Աննկարագրելի գեղեցիկ, խոսուն պատկեր: Նմանը չունեցող բառեր):
Սերը՝ որպես հավերժից եկող հրաշալի օրինակ ու խորհուրդ հետագայի մարդկանց, որ կնքվում է սրտիդ մեջ: Այն եզակի, փոքրաթիվ լավագույններից, որ կան համաշխարհային գրականության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել