«Ես էլ կսպանեմ դատախազին, կսպանեմ քննիչին, ինձ էլ թող ազատ արձակեն». «Հրապարակ»Ինչպես հավանաբար հիշում եք, անցած տարի ոմն «Ջունգլ» մականունով սրիկա իր ոհմակի հետ ծեծելով սպանել էր ազատամարտիկի, ու դա արել էր նրա ընտանիքի աչքերի առաջ։ «Ջունգլ»-ը գուշակ Ելենա Սարգսյանի որդին է, ով բավականին հայտնի է բախտագուշակների «շուկայում»։ Դժվար է ասել, թե ինչ դերակատարություն է ունեցել այդ հանգամանքը, բայց փաստը մնում է փաստ, որ դատաքննության շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը փաստել էր, որ խեղճ ազատամարտիկը մահացել էր ոչ թե ծեծի, այլ ինչ-որ բնածին արատի պատճառով, իսկ ծեծը պարզապես համընկել էր։
Ցանկացած ողջամիտ մարդու համար էլ հասկանալի էր, որ եթե ինչ-որ բնածին արատ էլ կար, ապա դա նման եզրահանգում անողի ու այդ եզրահանգմանը որպես հավաստի ընկալվելու հույս ունեցողների մոտ, սակայն, մի բան է հավատալ-չհավատալը, և մեկ այլ բան՝ գործնական քայլեր անելը։ Ու այդպիսի քայլ արվեց. տուժող կողմն անկախ փորձագիտություն է պատվիրել, որը փաստել է ակնհայտը. ազատամարտիկը մահացել է ծեծի արդյունքում։
Հետևությունները ոչ պակաս ակնհայտ են՝ նախորդ փորձաքննությունը եղել է աբսուրդային, ու հաշվի առնելով քննվող գործի լրջությունը, ինչպես նաև մեղադրվող կողմի բարոյականության սանդղակը, մեղմ ասած, չի կարելի բացառել, որ տեղ է գտել կոռուպցիոն գործարք, որի շնորհիվ էլ պարզվել է, որ ոտնատակ տված տարեց մարդը մահացել է ոչ թե ծեծի արդյունքում, այլ բնածին արատի անսպասելիորեն զուգադիպած սրման հետևանքով։
Կարծում եմ, որ պետք է միանգամից մի քանի քրեական գործ հարուցել այս դատաքննության ընթացքում ծավալված իրադարձությունների հիման վրա.
1․ Կաշառակերության ու խարդախության մասով՝ փորձաքննության դրվագով։
2․ Տուժող կողմի վրա ճնշումներ գործադրելու հատկանիշներով՝ մեղադրյալի ծնողների նկատմամբ (մայրը դատի է տվել տուժողի քրոջը՝ Մարիետա Թումանյանին՝ գործարար համբավն արատավորելու համար, իսկ հայրը սպառնացել է «սատկացնել» նրան)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել