Մի քանի օրից նախատեսվում է ԻԻՀ նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների վերացում: Մի կողմ թողնելով դրա տարածաշրջանային կարևորության շուրջ քննարկումները, որոնց հիմքում ԻԻՀ ռազմաքաղաքական և տնտեսական աննախադեպ լրջության խաղացող դառնալու և տարածաշրջանային գործընթացներում վճռորոշ ձայնի իրավունք ստանալու հեռանկարներն են՝ նկատենք, որ Թեհրանն «ստիպված» կլինի հիմնավորապես վերանայել իր տնտեսական քաղաքականությունը, որը հղի է ինչպես դրական արդյունքներով, այնպես էլ բացասական հետևանքներով:
Դրականն այն է, որ կանխատեսվում է օտարերկրյա կապիտալի մուտք երկիր, ներդրումների աննախադեպ ակտիվացում, որոնք կուղղորդվեն տնտեսության տարբեր ոլորտներ, կապասառեցվեն շուրջ 30 մլրդ (ԻԻՀ Կենտրոնական բանկի տվյալներով) դոլարին համարժեք դրամական միջոցները, որոնք կփոխանցվեն Իրան, կդադարեն ԻԻՀ կառավարության՝ պատժամիջոցների շրջանցման և տնտեսության զարգացման համար այլընտրանքային ուղիների փնտրտուքները, որոնց համար հսկայական մասշտաբներով «ավելորդ» ծախսեր են կատարվել, ԻԻՀ-ը հնարավորություն կստանա իր նավթի վաճառքն իրականացնել համաշխարհային շուկայական գներից տարբերվող ինքնարժեքով. ցայժմ Թեհրանը զրկված է եղել այդ հնարավորությունից, քանի որ պատժամիջոցների շրջանցման նպատակով հարկադրված է եղել համակերպվել «խաղի ընդհանուր կանոններին»:

Բացասականն այն է, որ տնտեսության աշխուժացումը, դրսից կապիտալի մեծ հոսքը երկիր կարող է չնպատակաուղղվել սեփական արտադրության խթանմանը, և հայրենական արտադրողները կհայտնվեն լուսանցքից դուրս: Դժվարությամբ, սակայն ԻԻՀ հոգևոր քաղաքական վերնախավը կարողացել էր որոշակի հաջողություններ գրանցել ինքնաբավ տնտեսական քաղաքականություն զարգացնելու հարցում, այժմ կլինի միանգամայն այլ իրավիճակ, երբ «որոշումներ» կայացնելու իրավունք կտրվի նաև այն կապիտալին, որը մուտք կգործի Իրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել