«Ուրիշի հոգին» հեռուստասերիալում կրկին դերասանուհու փոփոխություն է եղել. Օվսաննա Մինասյանին փոխարինելու է երգչուհի Աննա Դովլաթյանը։ Ֆիլմի գծային պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանը BlogNews–ի հետ զրույցում ասաց, որ որևէ կոնֆլիկտ չի եղել։ Փոփոխության պատճառն այն է, որ Օվսաննան պատրաստվում է ամուսնանալ և մեկնել ԱՄՆ։
«Մենք չէինք կարող խոչընդոտել նրա անձնական երջանկությանը։ Կերպարը կա՛մ պետք է դուրս գար, կա՛մ դերասանուհու փոփոխություն լիներ, քանի որ Արիանայի կերպարը դեռ անելիք ուներ ֆիլմում, որոշեցինք երկրորդ տարբերակն ընտրել և դերն առաջարկել Աննային»,- ասաց նա։
Աննան էլ նշեց, որ մինչ այս ֆիլմերում խաղալու մի շարք առաջարկներ է մերժել, նույնիսկ «Ուրիշի հոգին» սերիալում այլ դեր խաղալու առաջարկ է ունեցել, բայց մերժել է։ «Քանի որ դերասանուհի չեմ, մտավախություններ ունեի։ Կարծում եմ՝ եթե մի բան անում ես, պետք է լավ անես, սակայն այս անգամ որոշեցի հաղթահարել վախերս։ Արիանան բարոյական կերպար է, ոչ մի ավելորդություններ չունի, բարի, պայքարող աղջիկ է։ Երևի ուղղակի պահն էր հասունացել, դրա համար այս անգամ որոշեցի ռիսկի գնալ»,- նշեց երգչուհին։

Աննան պատմեց, որ նկարահանման առաջին օրը բավականին դժվար էր. «Շատ բարդ էր, սակայն մյուս դերասանները բավականին օգնում էին ինձ։ Երկրորդ օրը դժվարություններն ավելի քիչ էին, ինձ ավելի ազատ էի զգում։ Կարծես թե քիչ-քիչ մտնում եմ դերի մեջ։ Ինձ համար մի քիչ բարդ է, քանի որ հեռուստադիտողներն արդեն սովոր են տեսնել Օվսաննային, ով շատ լավ դերասանուհի է։ Ամեն ինչ կանեմ, որ ոչ ոքի հուսախաբ չանեմ»։
Որպես երգչուհի՝ Աննան առաջիկայում նորություն կունենա։ Մշտապես ռուսալեզու երգեր կատարող Աննան ասաց, որ վերջապես կունենա հայալեզու երգ։ «Այն արդեն գրված է, երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը։ Հավանաբար զուգերգ կլինի, սակայն առայժմ չգիտեմ, թե ում հետ։ Մոտակա մեկ ամսում հավանաբար արդեն պատրաստ կլինի»,- եզրափակեց երգչուհին։




Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



