Exclusive
Դեկտեմբերի 29-ին ծնվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը, ում անվանակոչել են Արթուր՝ ի պատիվ հորական պապիկի։ Երգչուհին BlogNews-ին պատմել է, թե ինչպես է դիմավորել տոներն ու ինչ զգացողություններ ունի մայրիկի կարգավիճակում։

2015-ը Սոնայի համար կարևոր տարի էր, նա ամուսնացավ, իսկ տարվա վերջին օրերին մայրացավ։ Երգչուհին պատմեց, որ ծննդատնից դուրս է գրվել դեկտեմբերի 31-ին, մինչև երեկոյան ժամը 11-ը տանն է եղել՝ բալիկի հետ, այնուհետև գնացել է տոնական հանդիսության ժամանակ երգելու։
«Ամեն տարի Ամանորին աշխատում եմ։ Այս տարի մի քանի տեղ եմ ելույթ ունեցել։ Ես չեմ հոգնում և սիրով մասնակցում եմ միջոցառումներին։ Իհարկե, կցանկանայի ընտանիքիս հետ լինել, երգելուց անմիջապես հետո գնացի տուն՝ ընտանիքիս և երեխայիս հետ Նոր տարին նշելու,- ասաց Սոնան ու հավելեց, որ Ամանորին սիրում է տանը լինել, քանի որ դա ընտանեկան տոն է։- Մենք հայկական ավանդական տարբերակով ենք նշում Նոր տարի, սակայն կարծում եմ՝ կարևորն ուտեստների առատությունը չէ։ Շատ եմ կարևորում նաև Սուրբ ծնունդի խորհուրդը։ Քրիստոսի ծնունդն ինձ համար մեծ նշանակություն ունեցող տոն է։ 2015-ին ես մկրտվեցի, ինչից հետո իմ կյանքն ուրիշ է դարձել։ Շատ եմ կարևորում Հայ առաքելական եկեղեցու դերը»,- նշեց նա։

Խոսելով փոքրիկի մասին՝ նորաթուխ մայրիկը նշեց, որ անբացատրելի զգացողություններ ունի։ «Չափից դուրս ուշադիր մայրիկ եմ։ Զգում եմ, որ որպես լավ մամա ինձ շատ հարցերում եմ «տիրապետում»։ Ինձ հաճախ ասում էին՝ մայր դառնալուց հետո միայն կհասկանաս՝ ինչ է դա, իսկապես այդպես է։ Շատ երջանիկ եմ, երբ առաջին անգամ գրկեցի տղայիս, ուրախությունից արտասվեցի։ Անգամ չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ,- ասաց նա ու հավելեց, որ հիմա իր կյանքում ամենակարևորը փոքրիկն ու ամուսինն են։ -Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին»։
Սոնան խոստովանեց, որ փոքրիկն ավելի շատ ամուսնուն է նման։ «Իր պապայի նման է՝ սիրուն։ Ինձ էլ նմանություն ունի։ Կարծում եմ՝ դեռ շատ կփոխվի։ Կարևորը՝ առողջ, անհոգ ու հաջողակ բալիկ լինի»,- ասաց Սոնան, ով չի պատրաստվում հանրությունից թաքցնել իր բալիկին։
Թեև հիմա ժամանակի մեծ մասը երգչուհին տրամադրում է բալիկին, աշխատանքային դադար չի ունենա։ Նրա խոսքով՝ 2016-ի համար շատ ծրագրեր ունի։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



