Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսն, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել և անվանակոչվել է, ինչի մասին վկայում է նաև Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Այսօր առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, և շատերը մասնակցում էին պատարագին` օրվա խորհուրդը չիմանալով: Գր. Լուսավորիչ եկեղեցին էլ առավոտյան իր զանգերի ղողանջով հրավիրում էր բոլորին սբ. պատարագին մասնակցելու: «Ես գիտեի` միայն կիրակի օրերին են պատարագ մատուցում, բայց հիմա չեմ հասկանում` ինչի համար է այսօրվա պատարագը: Անցնում էի եկեղեցու մոտով, որոշեցի մտնեմ-թեթևանամ ու մեղքերիս թողություն խնդրեմ»,-ասաց Գր. Լուսավորիչ եկեղեցի այցելած Գայանե Նավասարդյանը: Զրուցեցինք եկեղեցի այցելածներից շատերի հետ, և, ցավոք սրտի, ոչ ոք չգիտեր օրվա պատարագի նշանակությունը, ուղղակի մտել էին եկեղեցի:
Դժվար է կանխարգելել աղանդների ներթափանցումն այս մի բուռ պետություն, երբ մարդիկ սեփական եկեղեցու տոների օրերն ու նշանակությունն էլ չգիտեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել