Ինչպես արդեն գիտենք, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Россия» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, խոսելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին, մեկ շատ անհաջող պատմական օրինակ բերեց` Օսմանյան կայսրության և այնտեղ ապրող քրիստոնյաների հետ կապված:
Ինձ և, վստահ եմ, նաև շատ-շատերին առնվազն անհասկանալի և իմաստազուրկ թվաց Պատրիարքի նմանօրինակ «պատմական էքսկուրսը»: Սակայն այդ անորոշ զգացողությունը շուտով ցրվեց շատ կարճ ժամանակամիջոցում Պատրիարքի մամուլի քարտուղարի հերքմամբ: Քարտուղարը մասնավորապես նշեց, որ հայերի ցեղասպանության հարցում ռուսական եկեղեցու տեսակետը բազմիցս է հնչել տարբեր պաշտոնական հայտարարությունների և Պատրիարքի ուղերձների մեջ, և դրանք մնում են անփոփոխ, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորշման լավագույն ապացույցը ռուսական եկեղեցու պատվիրակության այցն էր Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Իրականում, եթե փորձենք այս հարցը խորության մեջ դիտարկել, ապա պարզից էլ պարզ է դառնում, որ Կիրիլի խոսքն ուղղակի շփոթմունք էր, վրիպակ, որը կարճ ժամանակում ուղղվեց հենց Ռուսական եկեղեցու կողմից:
Բայց այս ամբողջ պատմության մեջ մի չլուսավորված էջ էլ է ևս մնում: Որևէ մեկն ինքն իրեն հարց ուղղե՞լ է, թե որն է պատճառը, որ այդ հերքումն այդքան արագ տեղի ունեցավ, չէ՞ որ դա հենց այնպես տեղի ունենալ չէր կարող, չէ՞ որ այդ ուղղությամբ պետք է համակողմանի և հետևողական աշխատանք կատարվեր: Շատ հավանական է, որ այս ամենի ետևում կանգնած լինի Հայոց դիվանագիտությունը` ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի: Չգիտենք, հստակ չենք կարող պնդել՝ ով է կանգնած այս ամենի ետևում, բայց որ ճիշտ և օպերատիվ մոտեցում ցուցաբերվեց, և դա էլ արվեց առանց դրոշակ դարձնելու, արդեն փաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել