Ռաֆայել Բենիտեսը Մադրիդի «Ռեալում» աշխատեց ընդամենը յոթ ամիս: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ղեկը հանձնեց ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկին՝ Զինեդին Զիդանին:
Որո՞նք են ֆրանսիացու առավելությունները.
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. Անչելոտին մի անգամ ասել էր. «երբ հանդերձարանում խոսում է Զիդանը, բոլորը լուռ լսում են»: Ընդհանրապես, ֆուտբոլիստների կողմից սիրված եւ հարգված լինելը մարզչի կարեւորագուն «զենքերից» մեկն է: Բենիտեսը չհասավ արդյունքի, որովհետեւ չսիրվեց, իսկ ֆրանսիացին այս թիմում կարեւոր դեմք է:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈՒՂԵՂԸ. Ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչների մեծ մասը նախկին կիսապաշտպաններ են: Զիդանը ֆանտաստիկ կիսապաշտպան էր, ասել է, թե ֆուտբոլ խաղում էր գլխով: Նա կատարյալ փոխանցումներով, դրիբլինգով ու մտածելակերպով ֆուտբոլիստ էր:
ԱՌԱՋԱՏԱՐՐԻ ՈԳԻՆ. Թիմում կրկին ղեկավարը կլինի մարզիչը: Զիդանը իսկական առաջատար էր որպես խաղացող, այդպիսին կլինի նաեւ մարզչի դերում: Դասավորել ու կառավարել 11 ֆուտբոլիստներին դաշտում, անհրաժեշտ պահին փոփոխություններով փոխել խաղի ընթացքը, մոտիվացնել նրանց՝ ահա սպասելիքները ֆրանսիացուց:
Ի՞նչ է սպասում «Ռեալին».
Մադրիդյան ակումբն այս տարի պայքարում էր ու կշարունակի պայքարել երկրում չեմպիոնության համար, բայց միայն այդքանը: Չեմպիոնների լիգայում, որտեղ պայքարն ավելի թեժ է ու լուրջ, Զիդանին հաջողություն գրանցել չի հաջողվի: Իսպանիայում կան հաջողության հասնելու համար բոլոր նախադրյալները: 1-0-ներով հաղթող «Աթլետիկոյին» շրջանցելը բարդ խնդիր չի լինի, մնում է «Բարսելոնան»: Կատալոնացիները մրցաշրջանի երկրորդ կեսում հավանաբար շեշտը կդնեն Չեմպիոնների լիգայի վրա, եւ «Ռեալը» կարող է օգտվել այդ փաստից: Թիմում մթնոլորտը կփոխվի, ֆուտբոլիստների մոտ կվերադառնա խաղալու ցանկությունը, այս թիմին հենց դա էր պակասում:
Այսպիսով, մրցաշրջան 2015/16-ը Զիդանի «Ռեալի» համար անցումային կլինի: Ֆրանսիացու գրանցած արդյունքներից ղեկավարները, թիմը կամ երկրպագուները դժվար թե դժգոհեն: Իսկ հաջորդ տարի նրա հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Զիզուն կկարողանա նոր տրանսֆերներ կատարել, ձեւավորել թիմ ու առաջ շարժվել արդեն «Զիդանի ստեղծած «Ռեալով»»: Շատ կարեւոր է, որ նա ուշադրություն դարձնի «Կաստիլյային», չէ՞ որ երկու տարի մարզել է այն եւ բոլորին հինգ մատի պես գիտի: Ֆրանսիացին պետք է փորձի գտնել տաղանդների, ովքեր այս թիմի համար կարող են դառնալ նոր կասիլյասներ, ռաուլներ, ինչու ոչ, զիդաններ:
Գուցե հենց Զիդանն է «Ռեալի» համար պատմական դարաշրջանի կերտողը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել