Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, գալով Մարիամի մոտ, ասաց.
-Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է։
Այս խոսքի վրա Մարիամը խռովվեց. նա մտածում էր, թե ի՛նչ է նշանակում այս ողջույնը։ Սակայն հրեշտակն ասաց նրան.
-Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծու շնորհին։ Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Տեր Աստված նրան կտա իր հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա։ Նրա թագավորությունը վախճան չի ունենա։
Մարիամն ասաց հրեշտակին.
-Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ։
Հրեշտակը պատասխանեց.
-Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է։ Իմացի՛ր, որ Աստծու համար անկարելի բան չկա։
Մարիամն ասաց.
-ԵՍ ԱՍՏԾՈՒ ԱՂԱԽԻՆՆ ԵՄ, ԹՈՂ ՔՈ ԱՍԱԾԸ ԼԻՆԻ:
Ապա հրեշտակը գնաց Մարիամի մոտից։
(Ղուկասի ավետարան 1:26-38)

Բայց իմացե՛ք նաև, որ ժառանգը թեև ամբողջ ժառանգության իսկական տերն է, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ անչափահաս է, չի տարբերվում ծառայից, քանի որ խնամակալների և հոգաբարձուների ձեռքի տակ է լինում, մինչև որ հասնի իր հոր որոշած ժամանակը։ Նույնն է նաև մեզ համար։ Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։ Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ։ Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»։ Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:1-7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել