Հայաստանում չի կարող լինել դեմոկրատիա, ու դա շատ ակնառու երևում է, եթե մեր հասարակությանը դիտարկում ես ֆեյսբուքի պրիզմայից։ Հիմնական պատճառը, որ անհնար է դարձնում դեմակրատիայի գոյությունը Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում, կայանում է նրանում, որ Հայաստանում չի կարելի կիրառել «դեմոս» եզրույթն (այսինքն` ժողովուրդ) ամբողջ ազգաբնակչության ու նույնիսկ դրա մեծամասնության մասով։ Մեզ մոտ, ինչպես ցանկացած ժամանակակից այլ հասարակությունում, գերակշիռ տոկոս է կազմում «օխլոս»-ը, որը հունարենում նշանակում է ամբոխ։

Եկեք չմոռանանք, որ դեմոկրատիան մոգոնել են անտիկ Հունաստանում, և այնտեղ էլ այն երբեք չի եղել «բոլորի» իշխանություն, այլ եղել է ազատ քաղաքացիների համար։ Ըստ էության, իր բնօրինակում դեմոկրատիան ոչ այլ ինչ է, քան արիստոկրատիայի տարատեսակ։
Ինչևէ, թողնենք պատմությունն ու վերադառնանք Հայաստանին ու հայկական ֆեյսբուքի օրինակին։ Ինչո՞ւ եմ ես ասում, որ հենց ֆեյսբուքի պրիզման է թույլ տալիս պնդել, որ մեզ մոտ լավագույն դեպքում օխլոկրատիայի հավակնություններ են հնարավոր։ Հեռու չգնանք, քննենք միայն 2016 թվականի առաջին 7 օրերի մի քանի թեմա, որոնք ալեկոծեցին ֆեյսբուքը.
1․ Ամսի 2-ին համացանցում հայտնվեց եղյամակալած ու ձնով ծածկված դիրքապահ զինվորի լուսանկար, ով, մեղմ ասած, կոպտորեն խախտել էր անվտանգության կանոններն ու անզեն ու առանց սաղավարտի էր լուսանկարվել։ Գտնվեցին ինչ-որ հիմարներ կամ էլ սրիկաներ, ովքեր միանգամից այդ նկարից եզրակացրին, որ բանակում նորմալ համազգեստ չեն տալիս, և գտնվեցին հազարավոր միամիտներ, ովքեր, ո՛չ տիրապետելով թեմային, ո՛չ էլ լայաղ անելով ինչ-որ ինքնուրույն գործողություններ անել, միանգամից ընդունեցին այդ հիմարությունը որպես աքսիոմ, ու գնաց ողբն ու լալահառաչ մեկնաբանությունների ալիքը, թե ինչ մեղկ են հայ զինվորները։
2․ Հետո հայտնվում է «Նոր Հայաստանի» ակտիվիստուհու՝ երկու ամրակազմ տղամարդկանց կողմից ծեծվելու մասին հաղորդագրությունը, որը տարածում է նույն այն մարդկանց խումբը, ով Բերձորի հայտնի բախումներից հետո հայտարարել էր, որ իրենց վրա ոստիկանները կրակել են, իսկ կանանց ու երեխաներին քացու տակ էին գցել և այդպես էլ ՈՉ ՄԻ փաստ չէր ներկայացրել, որ կփաստեր նման դրվագների իրականությունը։ Էլի լալահառաչ ու ցասումնալից մեկնաբանությունների տարափ, թե ինչ սրիկա են ոստիկանները/ՀՀԿ-ն/ռեժիմի ստրուկները և այլոք, որ ծեծել են այդ հրաշք աղջնակին։ Ու ջհանդամ, թե ոչ մի իրական փաստ չկա, որ հավաստի կդարձներ այս հայտարարությունը։
3․ Մի երկու օր առաջ էլ համացանցում է հայտնվում ինչ-որ ձնածածկ զինծառայողի լուսանկար, ով ոչ էլ հայկական համազգեստով է, կրում է բալակլավա (մեր բանակում բալակլավա անգամ հատուկնշանակայինների մոտ չեմ տեսել), ու հայտարարվում է, որ կեցցեն հայ զինվորները, որ նման պայմաններում են ծառայություն տանում։ Ասենք, բավական է այդ նկարը գուգլով փնտրել, որպեսզի պարզեք, որ դա իրականում ռուսական ԳՌՈւ-ի սպեցնազի զինվորն է իրենց՝ դիմացկունության ու կենսունակության քննության ժամանակ ու ոչ մի կապ չունի հայերի ու հայկական բանակի հետ, բայց էլի կրկնվում է նույն այն պատմությունը, ինչը եղավ մեր եղյամակալած զինծառայողի լուսանկարի հրապարակումից հետո։
Բոլոր այս դեպքերում ֆեյսբուքում մի ալիք էր բարձրանում, որը ներառում էր հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիների, ովքեր միանգամայն ազնիվ մղումներով, չունենալով չարամիտ դիտավորություն, տրվում էին այս մանիպուլյացիային ու սկսում դրսևորել վարք, որ վաղուց արդեն մանրամասն ուսումնասիրված ու նկարագրված է ամբոխի հոգեբանությունն ուսումնասիրող մասնագետների կողմից։ Ու իրենք մեծաամասնություն են։

Հիմա ասացեք ինձ, թե ինչպես կարող ենք մենք ունենալ դեմոկրատիա, եթե նույնիսկ այսպիսի պրիմիտիվ դեպքերի ժամանակ հեշտությամբ տրվում ենք մանիպուլացիաների ու ամբոխային հոսքերի։ Իհարկե չենք կարող, էնպես որ, ժամանակն է կտրվել էդ լոլոներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել