Երբ մոգերը մեկնեցին Բեթղեհեմից, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց.
- Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, ինչքան որ կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ սպանելու համար նրան։
Հովսեփն արթնացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և գնաց Եգիպտոս, որտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը։ Այսպես իրականացավ Տիրոջ խոսքը՝ ասված Օվսիա մարգարեի բերանով. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»։

Իսկ Հերովդեսը, երբ տեսավ, որ մոգերը խաղ խաղացին իր հետ, սաստիկ
զայրացավ և մարդ ուղարկեց, որպեսզի սպանեն Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող բոլոր երեխաներին, որոնք երկու տարեկան և կամ դրանից ավելի փոքր էին՝ նկատի ունենալով Հիսուսի ծննդյան ժամանակը, որ նա ստուգել էր մոգերից։ Այսպես իրականացավ այն, ինչ Տերն ասել էր Երեմիա մարգարեի բերանով. «Մի գույժ լսվեց Ռամայում, ողբ, հեծեծանք և լացուկոծ դառնագին. ողբում էր Ռաքելն իր զավակներին և չէր ուզում մխիթարվել, քանզի նրանք այլևս չկային»։
Հերովդեսի մահից հետո ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց.
- Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և վերադարձի՛ր Իսրայելի երկիրը, որովհետև մանկանը սպանել ուզողները մեռան։
Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և վերադարձավ Իսրայելի երկիրը։ Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ։ Դրա փոխարեն, երազի մեջ իրեն հրամայվածի համաձայն, գնաց Գալիլեայի կողմերը և եկավ բնակվեց Նազարեթ քաղաքում, որպեսզի իրականանա այն, ինչ Տերն ասել էր մարգարեների միջոցով, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի:
(Մատթեոսի ավետարան 2:13-23)
Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված մեր հայրերի հետ խոսեց մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով։ Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, իր անձով մեր մտքերը սրբելուց հետո նստեց երկնքում, Աստծու՝ գերագույն զորության աջ կողմում։ Նա ավելի բարձր է հրեշտակներից, ինչպես ցույց է տալիս Աստծու կողմից նրան տրված գերազանց անունը. որովհետև ո՞ր մի հրեշտակին Աստված երբևիցե ասաց. «Դու իմ որդին ես. այսօր ես ծնեցի քեզ»։ Կամ ո՞ր հրեշտակին ասաց. «Ես նրան հայր եմ լինելու, և նա՝ ինձ որդի »։ Եվ դարձյալ, երբ իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»...
Մի ուրիշ տեղ դարձյալ ասում է Որդուն. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է։ Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես։ Նրանք կմաշվեն հագուստի պես. վերարկուի պես կծալես դրանք և հագուստի պես կփոխես։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենա»։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-12)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել