Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ բին Ահմադ ալ-Ջուբայրը մեկնել է Պակիստան: Ակնհայտ է, որ նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաև իրանա-սաուդական լարված հարաբերությունները:
Ամենայն հավանականությամբ ալ-Ջուբայրի՝ Իսլամաբադ այցի ետնաբեմում փորձ կկատարվի Պակիստանի տարածքից ավելի ակտիվացնելու նաև տեղի իշխանությունների թողտվությամբ գործող հակաիրանական ուժերը՝ հատկապես թմրանյութերի առևտրի և ահաբեկչության մեջ ներքաշված այնպիսի ծայրահեղական խմբավորում, ինչպիսին կեղծ բելուջական ազգայնականության շղարշով հանդես եկող իրականում սալաֆիական ուղղվածության «Ջայշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») ահաբեկչական կառույցն է:
Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ իրանական անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջստան նահանգում չեզոքացրել էին հենց նույն ահաբեկչական խմբավորման տեղական բջիջներից մեկը՝ խմբավորում, որը դատելով պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող տեղեկատվությունից, գործում է մի կողմից սաուդական և պակիստանյան, իսկ մյուսից՝ իսրայելական գաղտնի օժանդակության պայմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել