Զարմանում եմ, որ հիմա Հայաստանում կան Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կազմալուծելու կողմնակիցներ: Ռուսաստանն առայժմ մեր միակ ապավենն է: Որքան էլ զորեղ լինի մեր բանակը, մենք միայնակ երբեք չենք կարող դիմակայել թուրք-ազերիական հարձակումներին: Անշուշտ, մենք, մեր զինվորները, մեր տղերքը ցույց են տալիս անօրինակ արիություն, որը միշտ հատուկ է եղել հային, սակայն կան աշխարհաքաղաքական խնդիրներ, ուժերի կտրուկ անհամապատասխանություն: Եկեք հստակորեն տարորոշենք. ես չեմ ասում ծառայամտության մասին, ստրկամտության մասին: Կամ որ «ռուսը մեր տերն ա, մեզ պահում ա» և այլն նման խոսքեր: Բայց այսօր մեզ անհրաժեշտ է լավ, ամուր, դաշնակցային, ռազմավարական սերտ հարաբերություններ Ռոսաստանի Դաշնության հետ: Ու դա ամենևին էլ չի նշանակում, որ ես դեմ եմ Արևմուտքի հետ որևէ, լինի մշակութային, տնտեսական միջբարեկամական ու նման տիպի հարաբերություններին: Ես Արևմուտքը սիրում եմ, բայց վիճակն այսօր այնպիսին է, որ պետք է խոհեմ լինել: Եթե Ռուսաստանը մի պահ, պատկերացրեք, չլինի, թուլանա կամ չկարողանա մեզ օգնել, Թուրքիան մեզ անմիջապես հուպ կտա: Մենք գործ ունենք 75 միլիոն բնակչությամբ հզոր պետության հետ: Մենք սկի 2 միլիոն էլ չկանք: Հիմա նույնիսկ Ադրբեջանի հետ հակամարտությունը վտանգներով, մեծ վտանգներով հղի է, եթե Ռուսաստանը մեր հետ չլինի, կարող ենք նույնիսկ կորցնել մեր պետականությունը:( Ծանր է, բայց պետք է գիտակցենք): Այդ պատճառով էլ զգոն լինենք, սիրելի՛ հայեր, ու չմտածված հայտարարություններ չանենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել