Exclusive
Ամանորյա հեքիաթն ամենաիրականն ընկալում են երեխաները՝ Ձմեռ պապի գոյության հավատով, գիշերվա կախարդանքի սպասումով ու իրենց երազանքի հետևից համառորեն գնալով։ Տոնական խառնաշփոթի մեջ յուրաքանչյուրիս մի քիչ հեքիաթ է պակասում, որը BlogNews-ը որոշեց լրացնել երեխաների օգնությամբ:) Մեր ամանորյա նախագծի շրջանակներում հայտնիների փոքրիկներին նկարահանել ենք Ձմեռ պապի և նրա օգնական-թոռնուհու կարգավիճակով։
Արմուշի որդու՝ Դանիի ձյունանուշը Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր աղջիկը՝ Յանան է։ Փոքրիկները վաղեմի ընկերներ են՝ Դանին Յանային վերաբերում է որպես փոքրիկ քույրիկի, ինչն ավելի հեշտացրեց նկարահանումները։) Արմուշի փոքր տղային՝ 5 ամսական Էդուարդին, ևս նկարահանեցինք նրանց հետ՝ դնելով նվերի տուփիկի մեջ։ Պարզվեց՝ Էդուարդը բավականին խելոք և արտիստիկ փոքրիկ է։) Մինչ նկարահանումների ավարտը նա շատ հանգիստ էր և միայն նկարահանումներն ավարտելուց հետո սկսեց դժգոհություն արտահայտել, որ քունը տանում է։)
Դանին և Յանան արդեն գրել են նամակ Ձմեռ պապիկին, Դանին նրանից ուզել է սքեյթբորդ, iphone 6, շախմատ և խաղալիքներ փոքրիկ եղբոր համար, իսկ Յանան աղջկական պարագաներ է ուզել՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր։
Լուսինե և Իրինա Թովմասյանների դուստրերը՝ Արիանան և Մարիան, հասակակիցներ են, նրանց տարիքակիցն է նաև Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդին՝ Մոնթեն։ Նկարահանման ժամանակ փոքրիկ չարաճճիները վազվզում էին ամբողջ տարածքով։) Իրինայի դուստրն ամենաանհանգիստն էր, նա գրեթե չմնաց նստած, սակայն մայրիկի պատիվը բարձր պահեց ու լավ լուսանկարներ ունեցավ:) Լուսինեի դուստրը ևս շատ շարժուն էր, սակայն նրան տոնածառի մոտ պահելը համեմատաբար ավելի հեշտ էր, իսկ ահա փոքրիկ Մոնթեն շատ խելոք էր, սակայն նրանից էլ ժպիտ կորզելն էր բավականին բարդ։ Մի կադր ժպիտ որսալու համար բոլորով երգեցինք, պարեցինք ու նույնիսկ մուլտ միացրեցինք։)
Արամ MP3-ի որդուն՝ Առնոյին և Գարիկի դստերը՝ Ամելիին, միասին նկարահանեցինք։ Ամելիին վստահվել էր էլֆի դերը, սակայն տոնածառ զարդարելու գործը նրան այնքան էլ չհետաքրքրեց:) Նա բավականին աշխույժ էր, շարունակ այս ու այն կողմ էր վազվզում, փոքրիկին գրավել էր գեղեցիկ մոմակալը, որից այն կողմ գնալ ուղղակի չէր համաձայնում։) Ամելիից ժպիտ կորզելու համար մայրիկը՝ Մարիաննան, ամբողջ ընթացքում երգում էր։ Առնոն ավելի պատրաստակամ էր նկարվելու։ Ամանորի գիշերն Առնոն Ձմեռ պապիկից իր սպասելիքներն ունի. նա զորք է ուզել և դինոզավր՝ հեռակառավարման վահանակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե դրանից հետո նրանց տանն ինչ է կատարվելու:) Իսկ Ամելին Ձմեռ պապիկից մեեեծ Kinder ձվիկ է ուզել:)
Արմինկայի որդին՝ Ալեքսն ու Վիկա Մարտիրոսյանի դուստրը՝ Նանուլը, ծանոթացան նկարահանման ժամանակ։ Պարզվում է՝ Նանուլն իրականում այնքան ակտիվ չէ, որքան կարելի է պատկերացնել։ Նա շատ ամաչկոտ էր ու այդպես էլ պաչիկ չարեց իր Ձմեռ պապիկին՝ Ալեքսին։) Թե՛ Ալեքսը, թե՛ Նանուլը, արդեն նամակ գրել են Ձմեռ պապիկին։ Նանուլն ուզել է իսկական դաշնամուր և իսկական ապերիկ:) Իսկ Ալեքսն ուզել է լեգո-կոնստրուկտոր:
Իրինա Թովմասյանի միջնեկ դստերը՝ Ալվինային լուսանկարեցինք Գոհար Հարությունյանի որդու՝ Մենուայի հետ։ Նրանք այնքա՜ն նման են իրար։) Ալյան և Մենուան ծանոթացան նկարահանման հրապարակում ու շատ արագ ընկերացան։ Կարծես թե, Ալյային շատ դուր եկավ խնդրանքը, որ պաչիկ անի Մենուային, նա ամբողջ ընթացքում այնպիսի՜ ջերմությամբ էր գրկում իր Ձմեռ պապիկին։) Ալյան Ձմեռ պապիկից տիկնիկ և շա՜տ կոնֆետներ է ուզել, իսկ Մենուան նվեր կստանա Ձմեռ պապիկի ցանկությամբ:
Մենչի երեխաները՝ զույգ քույր ու եղբայր Մարիան և Աշոտը, նկարահանվեցին մեծ ոգևորությամբ: Մարիան շատ է սիրում լուսանկարվել, Աշոտն այս ամենից շուտ հոգնեց, բայց քույրիկին հուսախաբ չարեց ու շարունակեց լուսանկարվել:) Մարիան ու Աշոտը Ձմեռ պապիկին գրել են իրենց նամակներն ու սպասում են նրան Ամանորի գիշերը, Մարիան իր տիկնիկի համար սայլակ է ուզել, Աշոտը՝ լեգո:
Փոքրիկ փոթորիկ. միայն այսպես կարող եմ բնորոշել Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստերը՝ Էվային, ով իր Ձմեռ պապին՝ Գրիգոր Դանիելյանի ու Հռիփսիմե Ելինյանի որդուն՝ Ալբերտոյին էլ «բմբլահան» արեց։) Էվան և Ալբերտոն ևս վաղեմի ընկերներ են, ինչն ավելի օգնեց նկարահանման ընթացքին։ Նրանք միասին երգեցին, պարեցին ու լուսանկարվեցին: Էվան ու Յանան Ձմեռ պապիկից ուզել են միևնյուն նվերը՝ աղջկական պարագաներ՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր, իսկ Ալբերտոն՝ Minecraft լեգո:
Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նկարահանումներն արվել են «Avenue des Fleurs»-ում
Զգեստները՝ «Koshtoyan fashion»-ի և «Mothercare»-ի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել