«Երևան մոլի» «Կինոպարկի» հարևանությամբ «Ռոբոտների շքերթ» է. Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի և այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ, որոնք Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ: BlogNews-ը ներկա է եղել «Ռոբոտների շքերթ»-ին, որտեղ էքսկուրսավարները մեզ ծանոթացրել են ռոբոտների հետ:
Նախասրահում ծանոթացանք ռոբոտների ընտանիքին՝ ռոբոտ հայրը, որը զինվորական է, ռոբոտ որդին, որը շատ է սիրում մեքենաներ, և ռոբոտ մայրը, որը բոլոր մայրիկների պես զբաղվում է տնային գործերով:
Ռոբոտ Բակսթերը ստեղծված է գործարաններում աշխատելու համար: Մեկ անգամ գործողությունը ցուցադրելու դեպքում ռոբոտը կարող է կրկնել այն, որքան նրան տվյալ գործողությունը հրահանգվի:
Այն վերցնում է, տեղափոխում, հագուստները ծալում, փաթեթավորում, դասավորում, սուրճ պատրաստում, կարող է բարձրացնել մինչև 5 կգ ծանրություն: Ունի թաթիկների 7 տարբերակ, որոնք փոփոխվում են: Ռոբոտը 360 աստիճան պտտվում է, զգայուն է, աշխատանքի ընթացքում կարող է նկատել մարդկանց և չհարվածել, երբ վտանգ կամ բարձր ճիչ է զգում, դադարեցնում է աշխատանքը: Այլ կերպ ասած` Բակսթերն արդյունաբերական ռոբոտների ապագա սերնդի ներկայացուցիչն է:
Ռոբոտ Դայակն ակտիվ, չարաճճի ռոբոտ է, որը հետևում է երեխային ծնողների բացակայության ընթացքում: Այս էլեկտրոնային «դայակը» հետևում է երեխայի աչքերի ակտիվությանը, և հենց երեխան արթնանում է, ազդանշան է ուղարկում ծնողների հեռախոսին ու երեխայի հետ շփվելու համար ապահովում ծնողների ներկայությունը: Ռոբոտին միանալու համար անհրաժեշտ է պարզապես միացնել համապատասխան ծրագիրը կամ հավելվածը պլանշետում, որի համար չեն պահանջվում հատուկ հմտություններ։
Ռոբոտ Պարոն թերապևտիկ ռոբոտ է, որն ունի գրենլանդական փոկի ձագուկի արտաքին: Այն ունի նույն հատկությունները, ինչ կենդանիները: Այն գրանցված է Գինեսի գրքում՝ որպես հակասթրեսային բուժիչ միջոց, քանի որ երբ նրան շոյում ես, այն հանգստացնում է նյարդերը: Պարոն հիմնականում այցելում է ծերանոցներ և մանկատներ, որտեղ կա առանձնահատուկ հոգատարության և քնքշանքի կարիք:
Ռոբոտ Բարմենը կարող է խառնել 7 տարբեր տեսակի խմիչքներ և պատրաստել համեղ կոկտեյլ: Ունի 1000-ից ավելի բաղադրատոմսեր, սակայն կարող է աշխատել նաև Ձեր առաջարկած բաղադրատոմսով: Այն բավականին շատ քանակությամբ կոկտեյլներ է պատրաստում և նախատեսված է մեծ միջոցառումների համար:
Ռոբոտ Անլանտիմը պրոմոբոտ է, որն իր էկրանին տեղադրված գովազդով շրջում է առևտրի կետերում, խոսում և հարցերի պատասխանում: Ցանկության դեպքում լուսանկարում է Ձեզ և լուսանկարը տեղում ուղարկում Ձեր էլեկտրոնային փոստին:
Ռոբոտ Բորիս. եթե ուզում եք ներկա լինել ինչ-որ միջոցառման, բայց չեք կարող, Ձեր փոխարեն կարող եք ուղարկել Բորիսին, նա ամեն բան կտեսագրի և կապահովի Ձեր ներկայությունը տվյալ վայրում:
Ռոբոտ Մուրացկանը կամ, ինչպես նրան այլ կերպ անվանում են, Սոնկան, պատրաստված է փայտից, և, թերևս, հենց դա է նրա հմայիչ և տարբերվող լինելու գրավականը: Ինչպես նշում են էքսկուրսավարները՝ այս ռոբոտը շատ է ցանկանում մի օր ունենալ երկաթե հանդերձանք և այդ իսկ նպատակով նա շրջում է փողոցներով, գումար հավաքում, գումար տվողին օրհնում և երգում նրա համար: Այդքանով հանդերձ՝ Սոնկան մարդկանցից շատ է վախենում և իրեն դիպչելու դեպքում օգնություն է կանչում:
Ռոբոտ Յոշան պատվիրվել է Խարկովի ռեստորաններից մեկի սեփականատիրոջ կողմից: Նա մատուցող է, մոտենում է սեղանին, ընդունում պատվերը և մատուցում առանց սխալների:
Տաղանդավոր ռոբոտ Նկարիչը ճշտությամբ նկարում է այն ամենը, ինչը համակարգչով հանձնարարվում է նրան. նկարում է մեկ գույնով և առանց ընդհատման:
Բասկետբոլ խաղացող ռոբոտն ի սկզբանե նախատեսված է եղել արտադրությունում ծանր աշխատանքներ կատարելու համար, սակայն Ռոբոտների շքերթում նա բասկետբոլ է խաղում. ճշտությամբ գնդակը նետում է զամբյուղի մեջ և երբեք չի վրիպում:
Ռոբոտ Ֆուտբոլի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղալ իրենց սիրելի խաղը, իսկ ռոբոտ Պինգ Պոնգը թենիս է խաղում և շատ մասնագիտացված. 1 րոպեում 25-80 գնդակ է տալիս՝ ըստ ծրագրավորման:
Ռոբոտ Տեսպիանը ամենահմայիչն է ու ամենաշատն է գրավում այցելուների ուշադրությունը: Նա շփվում է հյուրերի հետ, հարցեր տալիս, հարցերի պատասխանում, երգում, պարում և անգամ սիրահարվում: Իսկ երբ նրա հետ սելֆի են անում, նա անպայման նշում է, թե տվյալ օրն արդեն քանի անգամ են իր հետ սելֆի արել:
Ռոբոզագսն ամուսնացնում է. տալիս է ամուսնական վկայական, մատանիներ և հարսանեկան լուսանկար` որպես հիշատակ: Նա անգամ նկատում է և արտահայտվում է զույգերի էմոցիաների վերաբերյալ: :)
Ամենաճկուն ռոբոտները, որ երբևէ տեսել էինք` Պարող ռոբոտներ: Այս ռոբոտները ներկայացնում են պարային շոու և այնքան լավ են շարժվում երաժշտության ռիթմերի ներքո, որ իրենց հետ համահունչ սկսում են պարել նաև ներկաները:
Fibrum-ակնոցի միջոցով տեղափոխվում ենք վիրտուալ աշխարհ, իսկ Leap Motion-ի իրական շարժումն արտացոլվում է վիրտուալ աշխարհում` էկրանի միջոցով: Այն պետք է տեսնել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տաղավարում ներկայացված են Հայաստանում արտադրված ռոբոտներ: Եռաչափ տպիչի միջոցով հնարավոր է աճեցնել պլաստմասային ցանկացած դետալ: Ի դեպ, հատուկ երեխաների համար ծրագիրը գրված է հայրենով, այսինքն` փոքրիկներն իրենք կարող են համակարգչային խաղ «ստեղծել» իրենց համար:
Ամերիաբանկն էլ ունի իր ռոբոտը, որը տերմինալի տեսքով է և հնարավորություն է տալիս կառավարել հաշիվները և կատարել փոխանցումներ:
Շատ տպավորիչ էր «Այբ» դպրոց-տաղավարը, որտեղ դպրոցի սաները ցուցադրում են նրանց պատրաստած ռոբոտները, օրինակ՝ մի ռոբոտը հրշեջ է, մյուսը դուրս է գալիս ամենաբարդ լաբիրինթոսներից, քանի որ շարժվում է պատին զուգահեռ:
Ամենագունավոր տաղավարում երեխաներն իրենց ծնողների հետ ստվարաթղթից և գունավոր կպչուն ժապավեններից տեղում կարող են պատրաստել Ռոբո գլխարկներ: Անհրաժեշտության դեպքում նրանց կօգնեն մասնագետները:
Ռոբոտների շքերթում անցկացվում են նաև ռոբոտաշինության վարպետության դասեր «Թումո» կենտրոնի կողմից:
Նշենք, որ ռոբոտները Հայաստան բերվել են մեկական օրինակով՝ ցուցադրության համար: Տարածաշրջանում առաջին անգամ Երևանում է գործում այսպիսի ցուցահանդես: Կազմակերպիչները նշում են, որ այցելուներ ունեն նաև Վրաստանից: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 10-ը:
Սրահում կան նաև հանգանակությունների արկղեր՝ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելու համար:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: