Տարին մոտենում է ավարտին, և այս ժամանակահատվածում սովորաբար ամփոփիչ կարծիքներ են հնչում՝ հիշատակվում են ձեռքբերումները, բացթողումները, անդրադարձ է կատարվում տնտեսական և քաղաքական անցուդարձին: Ես կցանկանայի անդրադառնալ «Նաիրիտի» խնդրի լուծմանը, քանի որ գործարանի աշխատակիցները երկար տարիներ չէին ստանում իրենց հասանելիք աշխատավարձերը, և այս տարի գոյացած պարտքերը վերջնականապես մարվեցին:

Հանուն արդարության պետք է նշենք, որ շուրջ 8 ամիս տևած պայքարից հետո խնդիրն ունեցավ բավականին հաջող հանգուցալուծում նաիրիտցիների համար: 2010 թվականից գործարանը կուտակել էր շուրջ 5.5 միլիարդ դրամի կամ 15 միլիոն դոլարի պարտք:

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նաիրիտցիները ցույցեր էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերի փոխհատուցում: Գումարի չափը մեծ էր, և բնական էր, որ պետությունը հնարավորություն չուներ միանգամից վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը: Ուստի վճարումը եղավ երկու փուլով: Առաջին փուլում կառավարությունը վճարեց 400-500 աշխատակիցների գումարները, իսկ մյուսների գումարները՝ հուլիս ամսվա վերջում:
Խնդիրը նրանում էր, որ կային աշխատակիցներ, որոնց փաստաթղթերը վերանայման կարիք ունեին, և ավելի ուշ էին ստորագրել։
Այսպիսով, կառավարությունն այս տարվա հուլիսին վերջնականապես լուծեց նաիրիտցիների աշխատավարձերի խնդիրը:
Նաիրիտցիների աշխատավարձերի փոխհատուցումից բացի՝ հաջորդ կարևոր հարցը վերաբերում էր շուրջ 500 աշխատողների հետագա գործունեությանը: Բանն այն է, որ «Նաիրիտ»-ում դեռևս աշխատող մոտ 500 աշխատակիցներ շարունակում են ծառայություն մատուցել գործարանին, ապահովում են օբյեկտի անվտանգությունը: Այս մասով կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել շարունակել վճարել մարդկանց աշխատավարձերը:
Չնայած նրան, որ «Նաիրիտը» հանդիսանում էր մասնավոր սեփականություն, և կառավարությունը փաստացի պարտավորվածություն չուներ պետական բյուջեից լուծել տվյալ կառույցի ներքին խնդիրները, այնուամենայնիվ, վճարեց գործարանի՝ տարիների ընթացքում կուտակած ահռելի պարտքը: Գուցե լինեն մարդիկ, ում համար անցնող տարում առկա էին ավելի լուրջ հարցեր կամ ձեռքբերումներ, սակայն «Նաիրիտի» խնդրի հանգուցալուծումը, ըստ իս, ունի առանցքային կարևորություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել