Ինչքան աշխատեցի զերծ մնամ Ավակով-Սահակաշվիլի կոնֆլիկտի մեկնաբանությունից, այդուհանդերձ, չի ստացվում։
Հարգելով հանդերձ Ավակովին և ինչպես ուկրաինական նորաստեղծ պետականության կայացման հարցում նրա ավանդը, այնպես էլ իր հայությունը անընդհատ ընդգծելու և դրանով հպարտանալու նրա կեցվածքը, չեմ կարող սակայն չնշել, որ Սահակաշվիլիի դեմ այդ կոնֆլիկտում նա թույլատրելիից ավելի «ջանասիրություն» դրսևորեց՝ իր վրա վերցնելով իր ղեկավարին՝ Յացենյուկին ուղղված հարվածը։ Պետք չէր ու տեղին չէր։ Մանավանդ, որ կոռուպցիոն սխեմաներում Յացենյուկի ներգրավվածության մասին նոր չէ, որ խոսում են ու Սահակաշվիլին դա նշող առաջին մարդը չէր։
Ինչևէ, օգտվելով առիթից, նշեմ, որ այս կոնֆլիկտի վերաբերյալ մեկնաբանություններում ինձ անառողջ է թվում մեր շատ հայրենակիցների քննադատությունը Սահակաշվիլիի վերաբերյալ այն մեն-միակ «հիմնավորմամբ», թե Սահակաշվիլին Վրաստանի նախագահ եղած ժամանակ փորձում էր լավ հարաբերություններ հաստատել հարևան երկրների՝ մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ...
Հարգելիդ իմ հայրենակիցներ, բա ինչ էիք ուզում, որ Վրաստանի, ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ նախագահը ցանկանար իր հարևանների հետ պատերազմական հարաբերություններ սկսե՞ր, թե նա պարտավոր էր իր երկրի շահերը ծառայեցնել այլ երկրի, անգամ եթե այդ երկրի անունը Հայաստան է, շահերին։
Սովորեք քաղաքական ու պետական գործիչներին գնահատել այն հիմքով, թե նա ինչպես է ծառայել ԻՐ երկրին, այլ ոչ թե Ռուսաստանին կամ նույնիսկ Հայաստանին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել