Նախաբանն ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նախորդ գրառումներում այդ մասին արդեն խոսել եմ։ Ուստի միանգամից ասեմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկում մենք չենք տեսնի մինչև տարեվերջ։ Միևնույն ժամանակ, սակայն, ռուբլու փոխարժեքի ներկայումս չի գտնվում իր սահմանային ցածր մակարդակում, և հետագա անկումն ունի իր հավանականությունը։ Մեկ անգամ չէ, որ խոսել ենք նավթի գների հետագա անկման մասին, և բավական լուրջ հիմքեր կան կարծելու, որ նավթի գինը 2016 թվականի մինչև առաջին եռամսյակի ավարտը կհասնի 1 բարելի դիմաց 30 ԱՄՆ դոլարի սահմանին։ Այս ցուցանիշը նոր հարված կլինի ռուսական ռուբլու համար, որի պարագայում շուկան պատրաստ կլինի 1 ԱՄՆ դոլարի համար վճարել լավագույն դեպքում 80 ռուսական ռուբլի։ Դեռևս դիտարկելով այն գործոնները և իրադարձությունները, որոնք մեզ հայտնի են, և որոնք սպասվում են հաջորդ տարվա ընթացքում, կարող ենք ասել, որ 2016 թվականի համար ռուսական ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կտատանվի միջինում 75-ի սահմաններում։ Գուցե հնարավոր լինի նույնիսկ փոքր-ինչ վերականգնում մինչև 70 ռուբլի 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն սա նույնպես արդեն իսկ բավական ցածր մակարդակ է, և պետք է մեր հաջորդ տարին դիտարկենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել