Վաղը շվեյցարական Բեռնում հանդիպելու են ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը և ԱՀ նախագահ Ի.Ալիևը: Վերջին՝ արդեն մի քանի ամիս տևած սահմանային պատերազմի ու դիրքային սրացումների ներքո նախագահների հանդիպումը մի տեսակ «գործնական լարվածություն» ունի իր մեջ: Առկա իրավիճակից բխող՝ միմյանց ուղղվելիք բավական սուր հարցադրումներ են առկա, որոնք կարող են նախագահների հանդիպումը բավական կոշտ սարքել:
Ավելին՝ վերջին՝ առնվազն մի քանի օրվա ադրբեջանական դիվերսիոն փորձերը և շփման գծի որոշ հատվածներում զանգվածային ռմբահարումները մի տեսակ իրավիճակ էին ուզում ստեղծել, որ նախատեսվող հանդիպումը չկայանա: Միգուցե դրանք նպատակ ունեին մթնոլորտ ապահովել, թե նման վիճակում առկա «ստատուս-քվոն» պահպանել հնարավոր չէ, ուստի բանակցային օրակարգում այն անպայման պետք է փոփոխվի:
Այս ամենին գումարած այն, որ վերջին շրջանում Ադրբեջանում իրավիճակը բավական լարված է. մասնավորապես՝
- Ազգային անվտանգության նախարարության աշխատողների ու ղեկավարության հետ կապված խնդիրները, հետագայում նախարարության լուծարումը,
- Նարդավանի դեպքերը, դրանց ճնշման ուղղված իշխանությունների փորձերը (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել) ու այդ ամենին Իրանի արձագանքը,
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքի հանդիպումը ԼՂՀ ԱԳ նախարար Կ.Միրզոյանի հետ ու Ադրբեջանի արձագանքը դրան,
- ԼՂ խնդրի կարգավորման Ուորլիքի դիտարկումը, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը հաշվի առնելիս պետք է հաշվի առնել նաև ԼՂ ազգաբնակչության կարծիքը»:
Այս ամենը ռուս-թուրքական հարաբերությունների գերսրման, Թուրքիայի ԱԳ նախարարի Ադրբեջան կատարած այցի ու «ԼՂՀ տարածքների վերաբերյալ նրա հայտարարությունների», Գյուլնեշիի հանքավայրի պայթյունի, ռեգիոնում ՌԴ-ի ռազմական սեգմենտի ավելացման, ԱՄՆ կոնգրեսականների՝ «սահմանային լարվածության նվազման և հետաքննության» նախաձեռնության և ամենակարևորը՝ նավթի գների նվազման ու Ադրբեջանում տնտեսական իրավիճակի վատացման ֆոնի ներքո:
Ինչ կարելի է սպասել հանդիպումից: Իրականում, եթե առավել լայն նայենք, ապա Բաքվի քաղաքականությունն ուղղված սրացումներին, այսօր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի ու Ֆրանսիայի համար ընդունելի չէ: Նրանցից յուրաքանչյուրն ունի դրա համար տարբեր պատճառները: Այս առումով Բաքուն ռեգիոնում ունի միայն մեկ դաշնակից՝ Թուրքիան, որի հետ, սակայն, ՌԴ-ի հարաբերությունների նման սրացումը որևէ կերպ շահեկան չէ Ադրբեջանի համար: Ուստի Անկարայի հորդորները Բաքվի համար կարող են վտանգավոր լինել: Բաքուն հայտնվել է ոչ այդքան նախանձելի վիճակում:
Վաղվա բանակցային օրակարգը (հավանաբար այսպես կոչված «փարիզյան առաջարկների» որոշ դրույթներ) որպես առաջին կետ իր մեջ հավանաբար կներառի նախ ռազմական սրացման իրավիճակի հետ կապված պահանջներ: Ադրբեջանը դա կփորձի կապել «տարածքների վերադարձի» իր փաստարկի հետ, որի տրամաբանությունը, փաստորեն, հակասում է առհասարակ բանակցություններ վարելու գաղափարին: Եթե խնդիրը «տարածքներ կամ պատերազմ» մոտեցման մեջ է, ապա այն անհեռանկար գործելաոճ է առնվազն բանակցություններ վարելու առումով:
ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ու դրան նախորդած ԼՂ վերաբերյալ հայտարություններում հստակ տեսանելի են հայկական կողմի «նոր» մոտեցումները: Մենք բանակցությունների կողմնակից ենք, սակայն եթե պատերազմ, ուրեմն՝ պատերազմ: Դա կլինի այն կարմիր գիծը, որից հետո մենք չենք սահմանափակվի միայն ԼՂՀ-ի պաշտոնական ճանաչմամբ, այլ առավել լայն ու խորքային տրամագծով նրա անվտանգությունը կապահովենք՝ հատկապես Ադրբեջանի հաշվին:
Ինչևէ, առաջիկայում մենք առնվազն կտեղեկանանք հանդիպման հնարավոր անդրադարձներից (եթե այն, այնուամենայնիվ, կայանա), սակայն, լինելով պրագմատիկ, պետք է հասկանանք, որ բեկում սպասելն իրատեսական չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել