Վաղը Բեռնում պետք է կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, իսկ մինչև այդ՝ հանդիպման հենց նախօրեին, մեր ոխերիմ հարևանները 24 ժամում երկրորդ անգամ 3 ուղղություններից դիվերսիոն ներթափանցման փորձ են անում, ու, ցավոք, այս անգամ մեզ չհաջողվեց առանց զոհերի հետ մղել դրանք, ինչպես դա եղավ 16-ի լույս 17-ի գիշերը...
Այսպիսով, 2015 թվականին մեր մարտական կորուստներից ցուցանիշն արդեն մոտենում է 50-ի, իսկ վաղը Ալիևն ու Սարգսյանը հերթական անգամ պետք է քննարեն հակամարտության կարգավորման հարցը...
Խնդիրը նրանում է, որ իրավիճակն արդեն պատային էլ չէ։ Հա, մենք դեռ երկար կարող ենք կայունությունը պահպանել ստատուս-քվոյի պայմաններում, իսկ Ադրբեջանում դա այդպես չէ։ Ալիևը գնալով սպառում է իր իշխանական բուրգի ռեսուրսը, իսկ գահավիժած նավթի գների, ինչպես նաև թուրք-ամերիկյան ճնշումների պարագայում նրա դիրքն էլ ավելի է խարխուլ դառնում։ Չմոռանանք նաև, որ հաշված շաբաթներ առաջ Ադրբեջանում կանխվեց պետական հեղաշրջման փորձ, որը ծրագրվում էր իրենց Ազգային անվտանգության ծառայության պետի գլխավորությամբ, և ամեն ինչ տանում է նրան, որ մյուս լուրջ հեղաշրջման փորձը կանխելու ռեսուրս Ալիևն էլ չի ունենա։
Ի՞նչ է մնում մազութային սուլթանին՝ ներքին լարվածությունը սուբլիմացնելու համար։ Իհարկե, սահմանային լարվածություն հրահրել, որը, մաքսիմալ մոտ լինելով անդառնալիության կետին, այնուամենայնիվ, դեռ չի կարելի անվանել լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկիզբ։ Սակայն այս հարցում Ալիևի բախտը չի բերել, որովհետև մի կողմից մենք տենց ամլիկ գառներ չենք, որ հանուն Ալիևի իշխանության հարատևության հավերժ հանդուրժենք բադրջանների լկտիությունը, մյուս կողմից ակնհայտ է, որ կան այլ խաղացողներ, ովքեր շահագրգռված են, որ Արցախի շուրջ իրավիճակը կտրուկ շիկանա, բայց գտնվի կառավարելիության տիրույթում։
Այլ կերպ ասած, մեզ էլ, բադրջաններին էլ հրահրում են լայնամասշտաբ գործողությունների։ Ամենաակտիվն այս առումով իհարկե Թուրքիան է, բայց քանի որ գիտենք, որ նման մասշտաբի գեոպոլիտիկ հարցերում Թուրքիան ինքնուրույն որոշումներ չի կայացնում, պարզ է, որ Թուրքիայի հետևում հենց Քեռի Սեմի ականջներն ենք տեսնում։ Զավեշտալի է, բայց մեզանից առավել շատ ստատուս-քվոյի պահպանման մեջ հիմա շահագրգռված է միայն Ռուսաստանը, ով առանց այն էլ իր հնարավորությունների էական լարումով է կարողանում ի մի բերել Սիրիան ու Ուկրաինան, և հիմա ռուսներին մենակ Արցախյան նոր պատերազմն է պակասում «լիարժեք երջանկության համար»։
Մի խոսքով, վաղվա հանդիպումից շատ բան սպասել պետք չէ։ Առավելագույնը, որ կլինի, դա մի կարճ ժամանակով սահմանային լարվածության որոշակի թուլացումն է, որը, սակայն, էլի կլարվի՝ կախված Ադրբեջանում ու տարածաշրջանում ծավալվող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներից։ Մեզ էլ մնում է պատրաստ լինել ու զգոն, որովհետև, այսպես թե այնպես, այս իրավիճակը երկար պահպանվել չի կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել