Հիմա կարևորագույն հարցն է, թե ինչքան են կազմում Ռուսաստանի վալյուտային պահուստները։
Այդ մասին տարբեր թվեր են շրջանառվում։
1. Սկսեմ ամենառուսականից՝ ամենապաշտոնականից։
Պուտինի այսօրվա մամուլի ասուլիսի մասին պատմող ռեպորտաժում ОРТ-ն հայտարարում է 8.5 տրիլիոն ռուբլու համարժեքի վալյուտային պահուստների մասին (ներքևում քոմենթի կարգով տրված լինքի 2։20 վրկ.), ինչն այսօրվա ՌԴ կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական կուրսով (1 $-71.02 ռուբլի) կազմում է 119 միլիարդ, 685 միլիոն դոլարից պակաս (կլորացվել է դեպի վերև)։ Ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր ֆոնդերի հանրագումարի մասին։
Այսինքն՝ արձանագրենք, որ ռուսական կառավարության պաշտոնական ձայնափողը հնչեցնում է 120 միլիարդ դոլարից պակաս թիվ։
2. Բիզնես նորությունների ամերիկյան CNBC գործակալությունն էլ, հենվելով իր աղբյուրների վրա, գրում է, թե 2015 թ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի պահուստային ֆոնդը կազմում էր ընդամենը 70.51 միլիարդ դոլար (լինքը՝ ներքևում քոմենթի կարգով)։
Փաստորեն, չնայած այս երկու տվյալների միջև էական (համարյա 50 միլիարդ դոլարի) տարբերություն կա, այդուհանդերձ, հիմք ընդունելով, որ
2014թ. սկզբին Ռուսաստանի վալյուտային պահուստները գնահատվում էին ավելի քան 600 միլիարդ դոլար, անցյալ տարեվերջին խոսքը գնում էր 360 միլիարդ դոլարի մասին, իսկ այս տարվա ամռանը հրապարակում էին տվյալներ շուրջ 300 միլիարդ դոլարի վալյուտային պահուստների մասին, դեռ մի կողմ թողած ամերիկյան բիզնես գործակալության տվյալը, նույնիսկ ОРТ-ի այսօր հրապարակած 120 միլիարդ դոլարից պակաս թիվը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԱԼՈՒՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՏԱՍՏՐՈՖԱՅԻ ՆՇԱՆ Է։
Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան ձեռնարկությունները շուրջ 750 միլիարդ դոլարի չափ վարկային պարտավորություններ ունեն և, սանկցիաների պատճառով զրկված լինելով դրանց՝ Արևմուտքում վերաֆինանսավորման հնարավորությունից, պետությունից են փող ուզելու, որ այդ վարկերի ընթացիկ սպասարկումն ապահովեն։ Ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի Սեչինն իր «Ռոսնևտ»-ով արեց՝ փլուզելով ու համարյա թե ինֆարկտի հասցնելով ռուսական ռուբլուն։
Այնպես որ՝ իզուր չէ, որ ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանովը զգուշացնում է, որ 2016թ. վերջին տարին է լինելու, երբ Ռուսաստանի կառավարությունը պահուստային որևէ ֆոնդից կկարողանա օգտվել, և այդ պահուստներն առաջիկա տարում ամբողջապես կսպառվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել