1920թ. դեկտեմբերյան այս օրերին ռուս-թուրքական համագործակցության արդյունքում առաջին հանրապետության անկումից հետո այստեղ բոլշևիկների կողմից արդեն ամբողջ թափով սկսվել էին հայ հասարակական-քաղաքական և ռազմական էլիտայի ներկայացուցիչների բանտարկումները, աքսորը և ամբողջական ոչնչացումը:
Լեռ Կամսարը գրում է. «Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա ընթացքում հավաքեց ժողովրդի ողջ մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ, կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու»: Նախևառաջ, հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, ազնիվ, ժողովրդի շրջանում հարգանք վայելող մարդկանց: Բայց քանի որ Հայաստանի բանտերը փոքրաթիվ հանցավորների համար էին նախատեսված, ուստի՝ չէին կարող «հյուրընկալել» մի ամբողջ ժողովրդի, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի մասին կոտորել, որպեսզի տեղ ազատվի նորերի համար: Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում: Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո, ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել