Վերջին մի քանի տարիների պետական կառավարման համակարգի վերաբերյալ գրեթե բոլոր սոց.հարցումներում ամենից կայացած ու վստահելի ինստիտուտ «նոմինացիայում» հարցվողների մեծամասնությունն իրենց նախընտրությունը տալիս էին բանակին և ՀՀ զինված ուժերին: Պատերազմող երկրում նման մոտեցումը կարևոր է: Սակայն հասարակական լայն շերտերում բանակի ընկալումը միանշանակ չէ:
Առահասարակ բանակի մասին խոսելը բարդ է: Բարդ է, քանի որ բանակն անընդհատ զարգացող փոփոխվող օրգանիզմ է, համակարգ, որ իր վրա կրում է հասարակական հարաբերությունների ներկապնակի ողջ ազդեցությունը: Վերջին հաշվով բոլոր երկրներում, իսկ մեր նման երկրներում հատկապես, բանակը հասարակության արտացոլումն է՝ իր դրական ու բացասական կողմերով, իր ընդունելի ու խնդրահարույց հանգամանքներով: Եվ դրա՝ ամենից հիմնավոր փաստարկն այն է, որ մեր դաստիարակած կամ չդաստիարակած զավակն է վաղը դառնում մեր երկրի զինվորը (սպան, միգուցե գեներալը):
Այսօր մենք պատերազմի մեջ ենք: Ամեն օր թշնամու կողմից կրակահերթերն ավելանում են, ավելանում է նաև դրանց տրամաչափը, փոխվում են կիրառելի զինատեսակները, ավելանում/պակասում են դիվերսիոն փորձերը: Ամեն օր մեր կողմից ավելանում են պատժիչ գործողությունների թիվը, որոնց արդյունքում հակառակորդն անձնակազմի ու զինտեխնիկայի, դիրքերի էական կորուստներ է ունենում: Դժբախտաբար, կորուստներ ունենում ենք նաև մենք: Պատերազմն առանց կորուստ չի լինում:
Նշենք, սակայն, որ մեզ պարտադրվող պատերազմը պայմանավորված չէ միայն ԼՂ խնդրի հանգուցալուծման օրակարգով: Այն ավելի խորը, առավել համակարգային վտանգի ու սպառնալիքի դրսևորում է՝ ուղղված տարածաշրջանում «հայկական» տարրի վերացմանն ու թյուրքական քաղաքակրթական կոնգլոմերատի ինտեգրմանը: Մենք յուրահատուկ սեպ ենք այդ ծրագրերում: Մենք ու մեր գոյությունը շահեկան չէ ռեգիոնալ որոշ երկրների, ու նրանք փորձելու են «մեր խնդիրը» իրենց պատկերացրածի զորու լուծել: Կարծես պատմությունը կրկնվում է: Սակայն այսօր իրավիճակը քիչ այլ է: Ի՞նչ ունենք հակադրելու նրանց. ունենք հաղթած բանակ և երաշխավորված գոյության հավաքական կամք: Ու թե դաշնակիցները կօգնեն/կամ չեն օգնի, միջազգային հանրությունը, ԵԱԿՀ-ն, ՄԱԿ-ը ինչպես կարձագանքեն/կամ չեն արձագանքի, դա այս պարագայում գործնականում այդքան էլ կարևոր չէ: Երկրի ու քաղաքացու գոյության հիմնական ու միակ երաշխավորը պետության զինված ուժերն են, և նրա հնարավորությունները կատարել իր առջև դրված խնդիրները:
Սակայն միշտ չէ, որ հասարակության տարբեր շերտեր բավարար կերպով են գիտակցում զինված ուժերի դերն ու նշանակությունը: Օրինակ՝ հայկական իրականության մեջ որոշակի պարբերականությամբ, տարբեր բևեռներից, ներքաղաքական, ընդդեմ իշխանական, հակապետական ու հակահայկական տարբեր օղակներ, անհատներ, վելուծաբան-փորձագետներ, քաղաքական գործիչներ, ֆեյսբուքյան հայրենասերներ-ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպություններ տարաբնույթ՝ առավելապես սուբյեկտիվ ու կանխակալ որակումներ ու դիտարկումներ են տարածում ՀՀ զինված ուժերի ու բանակի վերաբերյալ: Դա հաճախ անում են այն պարագայում, երբ սահմանին զոհ ենք ունենում, որի պարագայում աջակցելու փոխարեն մեջքից հարված ենք ստանում: Մի խոսքով, «հինգերորդ շարասյան» գործառույթ են իրականացնում:
Փաստենք, որ նրանց մի մասը դա կատարում է իր՝ ՀՀ-ի դեմ աշխատող որոշ պետություններից ֆինանսավորվող աշխատանքի բերումով: Մյուսները՝ երբեմն բավարար տեղեկատվության բացակայության պատճառով: Կան մարդիկ, ովքեր, լինելով ընդդիմադիր, ՀՀ իշխանություններին քննադատելու քաղաքական հոսանքի տակ սկսում են հարվածել նաև բանակին: Մի խոսքով շատերը կան, որ հաճախ խոսում, քննադատում, գնահատում են զինված ուժերը, այնտեղ առկա լավն ու վատը, սակայն իրականում բավարար խորությամբ չեն տիրապետում իրավիճակին: Իսկ պատերազմի մեջ գտնվող հասարակությունը սպունգի պես ներծծում է նրանց թերի դիտարկումներն ու որոշակի կանխատրամադրվում ՀՀ-ի, նրա վարած քաղաքականության, ՀՀ ԶՈՒ-ի, նրա իրականացրած գործողությունների նկատմամբ:
Պատերազմող երկրում բանակի թեմայով պետք է առավելապես զգույշ արտահայտվել: Դա մեր պետության ու քաղաքացու այսօրվա գոյության օրակարգի հիմնական հարցն է:
Այսօր մենք (քաղաքացին ու պետությունը) որքան էլ ունենանք խնդիրներ, լրջագույն պրոբլեմներ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, սոցիալական արդարության ու ազնվության պակաս, իշխանություն- հասարակություն բևեռացում, պետք է հասկանանք, որ մեր գոյության օրակարգի երաշխավորը մեր զինվորն է՝ մեր բանակը: Սա պրոպագանդա չէ, սա փաստական ճշմարտություն է: Եթե մենք հարվածում ենք մեր բանակին՝ այնտեղ առկա բոլոր դրական ու խնդրահարույց կողմերով, մենք հարվածում ենք մեր պետության և առաջին հերթին ինքներս մեզ:
Ներքին ինքնաոչնչացման մաղձը, որ վաղուց այցելել է մեզ, վերջին շրջանում առավել ընդգծված է դարձել: Դա շատ վտանգավոր է, քանզի այսօրվա մեր օրակարգում մեր բանակն է միայն ապահովում մեր գոյության օրակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել