Արտասահմանում ապրելով՝ Հայաստանում եղած շատ երևույթներ սկսում ես նաև մի տեսակ դրսից՝ օտարի աչքով տեսնել։ Ու Հայաստանն էնքան հետաքրքիր ու առանձնահատուկ է երևում աչքիդ։ Շատ բաներ, որ Հայաստանում ապրելիս միանգամայն սովորական ու բնական էին թվում, սկսում են խիստ արտառոց ու տարօրինակ թվալ, իսկ արտասահմանցու աչքում՝ որպես տուրիստի, պիտի որ ահագին հետաքրքիր լինեն՝ որպես իր իմացած, ճանաչած իրականությունից դուրս երևույթներ։

Էսօր, օրինակ, խոսքից խոսք բացվեց, ու հիշեցինք մեր հին հայկական բուդկա–զուգարանները, որոնք Հայաստանի խուլ գյուղերում երևի հիմա էլ դեռ մարդկանց կենցաղի սովորական մաս են կազմում։ Որ խորանում ես, ի՜նչ կոլորիտային երևույթ են էդ փայտաշեն արկղերը։ Չէ, դուք մի հատ պատկերացրեք արտասահմանցուն էդ զուգարաներից մեկում... Տպավորությունների ու զգացողությունների ի՜նչ բացառիկ ու աննախադեպ փունջ է սպասում նրան՝ զուգարանի չհղկված, փշոտ ու կեղտոտ դուռը բացելու պահից սկսած։ Իսկ ներսում՝ լրիվ ունիկալ մի աշխարհ. իր իմացած նուրբ ու հիգիենիկ զուգարանի թղթի փոխարեն դեղնած, կոպիտ էջերով հնամյա գիրք՝ հաճախ հենց հատակին դրված, վրան լիքը ճանճերի ծերտեր, էջերի մի մասն արդեն պոկոտած, մինչ դռան բացվելը քար լռություն պահպանող, բայց դուռը բացվելուն պես խլացուցիչ դզդզոցը գցող պլպլան կանաչ ճանճերի քաոսային շարժում (պատկերացնու՞մ եք՝ ոնց վեր կթռնի խեղճը), որոնցից ինքը հաստատ երբևէ տեսած էլ չի լինի կյանքում (որտե՞ղ պիտի տեսած լիներ), տարիների ընթացքում էդ զուգարանը երբևէ այցելած բոլոր անձանց արտաթորանքի անծայրածիր լիճն էլ ոտքերի տակ (դուք կարող է չգիտակցեք, բայց արտասահմանցու համար դա էլ է բացառիկ ու աննախադեպ տեսարան), դե թունդ հոտն էլ վրադիր։ Էլ չեմ ասում՝ էն էքստրիմի պահը, որ եթե հանկարծ, Աստված չանի, անփորձ ոտքը սայթաքի ու ընկնի էդ անտակ հորի մեջ, դա կարող է նրա այցելած վերջին վայրը դառնալ։ Իսկ եթե բախտը բերի ու բարով–խերով դուրս պրծնի արտաքին աշխարհի հետ կապ չունեցող էդ անտիկ արկղից, նրան հետո կթվա, թե կինո է տեսել կամ երազ։ Չնայած չէ, երևի կլուսանկարի ու կանմահացնի էդ սյուր տեսարանները, հակառակ դեպքում, երբ վերադառնա իր երկիր ու պատմի տեսածի մասին, նրան ո՞վ կհավատա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել