Քրիստոնյան և Աստվածաշունչը

Վաղը աշխարհի վերջ չի լինի։ Ինչո՞ւ եմ ես այդքան վստահ ասում դա։ Քանի որ Աստվածաշունչն է ասում այդ մասին։ Աստվածաշունչը չի ասում, իհարկե, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի լինի, բայց այն բավականին հստակ ներկայացնում է իրավիճակը, թե ինչպիսին այն կլինի աշխարհի վախճանի նախօրեին։ Կան աստվածաշնչյան մարգարեություններ, որ դեռևս չեն կատարվել, և մեկ օրվա մեջ դրանք չեն կարող կատարվել։

Սուրբ Գիրքը նշանակալից տեղ է հատկացնում Քրիստոսի երկրորդ գալուստին, որը և աշխարհի վախճանն է։

Այսoրվանից սկսած կներկայացնեմ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին տեղեկատվությունը Աստվածաշնչի հիման վրա, քանի որ տեսանելի է, թե ինչքան հեռու են ժամանակակից մարդիկ աստվածաշնչյան ճշմարտություններից։

Այսօրվա ակնարկում ամփոփ ձևով կներկայացվի Քրիստոսի գալստյան մասին հակիրճ տեղեկատվությունը, իսկ հետագա ակնարկներում դա կարվի ավելի մանրամասն։ Աստվածաշնչյան հիմնավորող համարները կնշվեն հետագա ակնարկներում։

Աստվածաշնչում Քրիստոսի երկրորդ գալուստը անառարկելի փաստ է։ Քրիստոսն Ինքն է անձամբ խոստացել, որ կգա։ Անդրադառնալով Նրա գալստյան ձևին՝ կարող ենք ասել հետևյալը. Քրիստոս կգա անձամբ, Նրա գալուստը կլինի բառացի, տեսանելի և լսելի ողջ մարդկության համար։ Քրիստոսին կուղեկցեն Աստծո հրեշտակները։ Նա կգա փառքով։

Քրիստոսի երկրորդ գալուստը երկու նպատակ է հետապնդում. փրկել Իրեններին և պատժել մեղավորներին։ Կենդանի մնացած հավատացյալները կվերափոխվեն և հարություն առած արդարների հետ կդիմավորեն Քրիստոսին և Նրա հետ կհամբարձվեն երկինք։ Կենդանի մնացած անհավատները կմահանան, իսկ մահացած անհավատները հարություն չեն առնի (նրանք ավելի ուշ են հարություն առնելու իրենց դատաստանն ընդունելու համար):

Գալստյան ժամանակի մասին կարող ենք ասել հետևյալը. Քրիստոսը և առաքյալները տարբեր նշաններ են հիշատակել, որոնց միջոցով մենք կարող ենք իմանալ Նրա գալստյան մոտիկ լինելու մասին։ Այդ նշանները տրված են բնության մեջ, քաղաքական աշխարհում, սոցիալական աշխարհում, անհավատների մեջ և կրոնական աշխարհում։ 

Դրանք միայն ցույց են տալիս ժամանակի մոտ լինելը, բայց, միևնույն է, մարդկանցից ոչ ոք չի կարող իմանալ Քրիստոսի գալստյան ժամն ու օրը։ Ուստի պետք չէ հավատալ սուտ մարգարեներին, ովքեր գալստյան ժամկետներ են նշանակում։ Ինչպես խորհուրդ տվեց Քրիստոսը, պետք է միշտ պատրաստ լինել Նրա գալստյանը, և այդ դեպքում երբ էլ Նա գա, մենք կարող ենք պատրաստ դիմավորել Նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել