Երբ օրվա քսանչորս ժամիդ առնվազն տասնվեցը լրատվական դաշտն է գրավում, ուզես թե չուզես, աչքդ առնում է լույս ու մութ անկյուններին, ու փորձում ես կողքից նայողի մտահոգությամբ հասկանալ՝ ոնց է շատանալու լույսը, ու որտեղից հայտնվեցին մութ անկյունները, ինչ կա այդ անկյուններում, և ինչպես է, որ դեռ լրիվ չի մթնել:
Ով հանգցրեց լույսը
Զանգվածային լրատվությունը մեր հանրային կյանքի ամենակայացած ոլորտներից է: Եվ առաջին հերթին լրագրողների շնորհիվ, «շարքայինների՛». ջահել են, վազող են, լուսավոր են, մաքսիմալիստ ու մանրակրկիտ են, ամենակարևորը՝ ազնիվ են ու անկեղծորեն ուզում են, որ մեր երկիրը որքան կարելի է արագ դառնա ԵՐԿԻՐ: Հիմա կհարցնեք՝ բա որ էդպես է, որտեղի՞ց Մեդիախորդանոցի մութ անկյունները: Պատասխանեմ՝ «շարքայիններից». հայացքը դարձրեք «հրամանատարներին»: Ես էլ էդ սերնդից եմ ու լավ գիտեմ սովետական անբուժելի հիվանդությունները՝ վարչահրամայական մեթոդը բնավորության գիծ դարձնելուց մինչև սեփական անձի անսխալականության պաշտամունքով ջահելների լույսն ու նորը մարելը: Մովսեսի խոսքով ասած՝ մենք եգիպտական կաթսաներից միս կերած ենք ու Ավետյաց երկիր չենք մտնելու: Ափսոս, իհարկե, բայց պիտի հաշտվենք էդ իրողության հետ ու եթե չենք էլ կարողանում օգնել ջահելներին, գոնե չխանգարենք: Կան, որ հասկանում ու այդպես էլ վարվում են, բայց կան և անբուժելիներ, որ մինչև վերջ ընկեր Ստալինի բեղերն իրենց վրա են զգալու ու հավատարիմ են մնալու էդ բեղերին: Ու դրանից միայն մեր Մեդիախորդանոցը չի տուժում, տուժում են բոլորը, որովհետև մութը ծավալվելու սովորություն ունի…
Գողը գոռաց՝ բռնեք գողին
Ասածս «հրամանատարները» մի հարցում էլ են «հոմո սովետիկուս» մնացել՝ իրողությունները թարսելու աճպարարությամբ: Այս երևույթն իմ սերունդը կաշվի վրա է զգացել, ջահելներն Օրուելի «1984»-ով գիտեն: Այն է՝ ներսից վարչահրամյականի պաշտամունք ունենալ, դրսից պլպլացնել եվրոպական ցուցափեղկը, ներսում կարոտել կուսհամագումարների հոտնկայս օվացիաներին, դրսից՝ փաստաբան բերել Եվրաորոշումներն ու Եվրանախադեպերը: Չե՞ք հավատում: Ես էլ կուզեի չհավատալ, բայց… Երբ չինովնիկի հորդորը սպառնալիք են որակում ու աղաղակում պատժամիջոցների մասին, բայց հենց իրենց անձնական ոտն են տրորում, իրենց նմանին զուտ սովետական սպառնալիքներ են տալիս՝ աքսոր քշելուց մինչև ոսկորները հաշվելն ու փշրելը… Երբ չինովնիկական կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ են, բայց դեմ չեն նույն չինովնիկից «պարգևավճար» ընդունելուն… Երբ բյուջեն թալանելուց են խոսում, բայց հարկայինից բաներ ունեն թաքցնելու… Երբ իրենց մասին տեղեկությունները կոմպրոմատ են կոչում, իսկ դիմացինի անվանարկումը՝ դեմոկրատիայի դրսևորում… Երբ բանացնում ու անկոպեկ դուրս են շպրտում աշխատողին, անկախ նրանից՝ սկսնակ լրագրող է, մարզային թղթակից, թե՝ հայտնի բանաստեղծ… Երբ դիակի ու արյան գնով «լայք» են առնում… Եվ՝ անընդհատ շանտաժ, շանտաժ, շանտաժ… Այս բոլոր «երբ»-երից հետո ո՞նց չհավատաս… Ու ո՞նց հավատաս որոշ «հրամանատարների»…
Ինչպես վառել լույսը
Պրոֆեսիոնալիզմի հարցն էլ կա: Եգիպտական կաթսաներից կերածները վարչակառավարելու ավանդույթով իրենց համար լրատվության ինչ-որ կանոններ են ձևավորել, ինչ-որ շրջանակ են գծել, որ հատուկ է դեղին (սովետական հարազատ տերմինով՝ բուլվարային) մամուլին (ասենք՝ բամբասանքի տիրաժավորումից մինչև անձնական վիրավորանք) ու պաշտում իրենց նոր կրոնը: Բայց այդ կռապաշտությունը չարիքի փոքրագույնն է, իսկ մեծագույնն այն է, որ դա պարտադրում են ջահելներին, հակառակվողներին կոտրում են, վերջնական ըմբոստներին նետում մասնագիտության լուսանցք… Ահարկու բան է: Որովհետև մի քանի տարուց մեր լրագրության «հրամանատարներն» էս ջահելներն են լինելու: Եվ էս տեսա՞կ դպրոցի ավարտական վկայականով: Չեմ ուզում ասեմ՝ մի՛ փչացրեք ջահելներին. կաղապարից դուրս գալն ամենադժվար բանն է, սովետական կաղապարից պոկվելը՝ համարյա անհնար: Ջահելներին եմ ուզում դիմել. ձեր դուրսը գնահատեք ձեր ներսի հայացքով, դրսից եկող ձայնին ձեր ներքին ձայնը հակադրեք, մի հավատացեք երևույթները թարսողներին, ձեր մեջ ինքնուրույն աճեցրեք իսկական ազատությունը, պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը… Ու ամեն ինչ կստացվի… Բոլորի՛ս համար կստացվի: Որովհետև, ի վերջո, դուք, որ ազատության մեջ եք ծնվել ու մեծացել և մեր խորհրդի ու խրատի կարիքը չունեք, դուք եք մաքրելու ու դասավորելու մեր Մեդիախորդանոցը ու դարձնելու եք լուսավոր ԳՐԱԴԱՐԱՆ......
Ն.Ա.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել