Դերասան Սարգիս Գրիգորյանը «Որոգայթ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Հովիկի երիտասադությունը: Այս հեռուստասերիալը դերասանի համար կարևոր նշանակություն է ունեցել. ժամանակին հենց այստեղից է սկսել Սարգիսը, թեև տարիներ առաջ նա «Որոգայթում» բոլորովին այլ դեր էր խաղում: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից հետո Սարգիսն առաջին անգամ BlogNews-ի հետ է խոսել ֆիլմում կերտած կերպարի, զգացողությունների ու Հարություն Մովսիսյանի հետ ունեցած խոսակցության մասին:)
-Սարգիս, Դուք խաղում եք Հովիկի դերը երիտասարդ տարիներին: Կերպարը տարիներ շարունակ կերտել է Հարություն Մովսիսյանը: Կերպարը կերտելիս իր հետ խորհրդակցե՞լ եք ինչ-որ հարցերում:
-Այս ֆիլմն ինձ այնքա՜ն հոգեհարազատ է: Իմ կարիերան, ճանաչվածությունը, ամեն ինչ սկսվեց «Որոգայթից»: Բավականին երկար ժամանակ ես զբաղված եմ եղել այդ սերիալում և հասցրել եմ շփվել, հասկանալ, մտնել ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր բան ինձ համար հոգեհարազատ էր: Երբ հրավերը ստացա, ինձ պետք չէր 0-ից մտածել, թե ինչ պետք է անեմ: Մի քանի կարճ զրույցներից հետո ասացի՝ պարոն Մովսիսյան, նո՞ւյնն ենք, ասաց՝ հա:  Ինքն էլ մի 2 բան ավելացրեց, ու արդեն հասկանալի էր, թե ինչ պետք է արվեր:
-Սարգիս, Ձեզ հատկացված կարճ ժամանակահատածում պետք է ցույց տայիք մի բան, որի մասին երբեք չէր խոսվել. թե ինչպես Հովիկը հասավ այն կետին, որում հանդիսատեսը նրան տեսել է: Ձեզ համար դա բա՞րդ էր՝ հաշվի առնելով հակասությունը, որ կար կերպարի մեջ: Ի վերջո, նա ընդհանրապես այդ աշխարհի մարդ չէր:
-Գիտեք, ես ի սկզբանե չեմ մտածել խաղալ մի մարդու, ով քրեական աշխարհում հեղինակություն է: Ես մարդ եմ խաղացել, որովհետև Հովիկն իր տեսակով առաջին հերթին մարդ է: Մի քանի զրույցների ժամանակ ասում էի՝ հանենք քրեականը, դա ոչ մի կապ ունի, նա կարող էր լինել, օրինակ, շինարար:
Ցույց եմ տալիս, թե ինքն ինչից ինչի է ասել: Ես ոչինչ չունեմ բռնցքամարտիկների դեմ, սակայն նա հրաժարվեց բոքսից, նախընտրեց գեղեցիկը՝ նկարչությունը: Դա էլ է խորհրդանշական. այսինքն՝ այդ մարդը դեմ է բոլոր տեսակի բռնություններին, նա ուզում է մարդկանց մեջ տեսնել գեղեցիկը, սակայն իրավիճակն ու շրջապատն այնքան կեղտոտ ու պրոբլեմատիկ են, որ իր նկարն այդպես էլ կիսատ է մնում...
Դրա հետ մեկտեղ այդ կեղտի, դժվարությունների, սև կոստյումների ու մռայլ պատերի մեջ նա մարդ մնաց: Այսինքն՝ այդ նկարն ապրեց:
-Դուք ներկա չէիք ֆիլմի պրեմիերային: Երևան վերադառնալուց հետո հասցրե՞լ եք դիտել այն:
-Այո, իհարկե:
՞նչ գնահատական կտաք վերջնական տարբերակին, Ձեզ դուր եկա՞վ:
-Կան բաներ, որոնք ինձ դուր են եկել, կան բաներ՝  ոչ: Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացված է, և ամենակարևորը՝ իր որակով, աշխատվածությամբ մի քայլ առաջ է հայկական կինոարտադրության մեջ: Երևում է երկարատև համախմբված աշխատանքը:
-Իսկ ի՞նչը դուր չեկավ:
-Ըստ իս՝ կային դիալոգներ, որոնք բավականին երկար էին: Չեմ ուզում միջամտել սցենարիստի գործին, միգուցե ես եմ սխալ մտածում, դա անձնական կարծիք է: Շատերն ասում են, որ այդպես ավելի լավ է: Իսկ դերասանական կազմի ընտրությունը, խաղը բավականին լավն էր:
-Հատկապես ո՞ւմ խաղով եք տպավորված:
-Հարություն Մովսիսյանի, ես ողջունում եմ նրա խաղը: Նա ուղղակի փայլեց, ինչպես և պետք է լիներ: Ֆիլմը դիտելուց հետո զանգեցի իրեն ու ասացի՝ ես ցնցված եմ: Ես երբեք չեմ ստում նման բաները, ու կապ չունի՝ դա որևէ մեկին օգո՞ւտ է, թե՞ վնաս, անկեղծ եմ ասում՝ ես հիացած եմ իր խաղով:
Մի քիչ փակագծերը բացեմ ու ասեմ, որ զգացի՝ Պուտին կար այդ խաղի մեջ, նրա շարժուձևը կար: Միգուցե սխալվում եմ, բայց նմանեցրի, ինչը կարող էր լինել, քանի որ կերպարը թույլ է տալիս:
-Իսկ նա ի՞նչ կարծիքի էր Ձեր խաղի մասին:
-Ես չգիտեմ՝ հաստատ լա՞վ եմ խաղացել, թե՞ չէ:) Նա ասաց՝ դու էլ ես լավ խաղացել: Բնականաբար այդպես կասեր… Առաջին քայլն իմն էր, որովհետև իրոք հիացած էի: Ես հպարտանում իմ յուրաքանչյուր գործընկերոջ քայլով, երբ տեսնում եմ, որ նա մի աստիճան բարձրացել է: Թեև Մովսիսյանը դրա կարիքը չունի, նա երեկվա դերասանը չէ: 
-«Որոգայթը» Ձեզ համար սկիզբն էր: Ֆիլմի նկարահանման ժամանակ նոստալգիա ունեի՞ք:
 -Իմ դերը ֆիլմում ուրիշ է եղել: Նոստալգիա կար Գոքորի ու Գարիկի հանդեպ, որոնց դերերը խաղում էին Սոս Ջանիբեկյանն ու Գրիշա Աղախանյանը: Հիշեցի տղերքին…
Հիշեցի նաև, թե ինչքան երիտասարդ ու մաքուր էինք մենք այդ ժամանակ: Այդ ճանաչվածությունը, անփորձ լինելը, ուրախությունն ու երջանկությունը վերապրեցի ու ցավացի, որ հիմա այդպես չեմ ապրում, որովհետև սկիզբը միշտ այլ է: Հիմա այս ամենն աշխատանք է դարձել, սակայն կուզեի ապրել այն, ինչ այդ ժամանակ էի ապրում: Երբ ինձ սկսեցին ճանաչել դրսում, սկսեցի գնահատել ինձ: Աստղայինս չտարավ, ուղղակի սկսեցի գնահատել ինձ: Այդ նոստալգիան էր: Ես կուզեմ, որ «Որոգայթն» ապրի, սակայն ոչ թե իր քրեական կողմով, այլ մարդ տեսակով, որը պակասում է մեր իրականության մեջ:
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել