Մինչ բուն հարցին անդրադառնալս ասեմ՝ չեմ հասկանում՝ էն կլոուն Ժիրինովսկու ասածները խի՞ եք տարածում ու երջանկությունից մեռնում:

Հա, մեկ էլ էն Պուտինի ամեն արարքը վերածում եք հերոսության ու նենց եք գովում, աստվածացնում, փարթի եք անում, որ ի՞նչ: Ռուսաստանը վերջին տարիներին շատ ագրեսիվ ա դարձել, էդ թեմայով մի ուրիշ անգամ կասեմ:

ՌԴ կառավարությունը մի քանի օր առաջ հաստատեց գյուղատնտեսական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է 2016-ի հունվարի 1-ից: Շատ քննարկումներ եղան, որ Հայաստանի համար լավ հնարավորություններ են ստեղծվելու ռուսական շուկայում էլ ավելի մեծանել արտահանման ծավալները: Իսկ մինչ ռուս-թուրքական հարաբերությունների սրումն ի՞նչն էր խանգարում մեր արտահանման ծավալների ավելացմանը, ավելացնեմ՝ ՌԴ-ն արգելել էր նաև ԵՄ-ից եկող գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը (բայց Բելառուսիայի տարածքով ներմուծվում է ՌԴ ինչ-որ քանակ): Իհարկե, ՌԴ-ում գերակշիռ մաս են կազմում թուրքական գյուղմթերքները՝ հասնելով միլիոնավոր տոննայի: Այս առումով իրոք մեզ համար լայն հնարավորություններ են ստեղծվում այդ բացը լրացնելու համար, սակայն մենք չունենք այնպիսի ծավալներ, որ միանգամից տեղը գրավենք, դա պահանջում է երկարաժակետ գործընթաց թե՛ ֆինանսական, թե՛ նյութական, թե՛ այլ ներդրումային առումներով, բայց մենք նույնպես արտադրում ենք լոլիկ, վարունգ, ծիրան, դեղձ, սալոր, խաղող, ելակ և այլ գյուղմթերքներ, բայց կարևորը՝ ինքնաբավ ենք և արտահանում ենք համեմատաբար քիչ քանակությամբ: Հիմա անդրադառնամ մյուս խանգարող հանգամանքներին: Շատ գործարքներ կատարվում են ռուսական ռուբլով, գիտենք որ դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է 100%-ից ավել և շարունակվելու է արժեզրկվել, քանի որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու է, և Իրանի նավթի արտահանման ծավալները կտրուկ աճելու են, ինչը նույնպես հարվածելու է ռուսական ռուբլուն, բայց դրա հետևանքով արտահանվող ապրանքի գինն էլ է բարձրանում՝ փորձելով կոմպենսացնել վնասները: Իսկ ի՞նչ էր անում Թուրքիան՝ սուբսիդավորում էր արտահանողներին՝ ապահովելով գյուղմթերքի մրցունակությունը: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ եթե ուզում ենք այդ բացի զգալի մասը լրացնենք՝ պարտավոր ենք ստեղծել նոր գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգիներ, ջերմոցային տնտեսություններ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները նվազեցնում են արտադրական ծախսերը՝ ապահովելով արդյունավետության բարձր ցուցանիշ: Որպեսզի հետագայում խուսափենք այն ռիսկից, երբ նորից ռուս-թուրքական հարաբերությունները կմտնեն մեղրամսային փուլ, ու թուրքական գյուղմթերքները կլինեն մրցունակ, այդ ժամանակ մենք կարող ենք լինել հավասար մրցակցային պայմաններում, ինչու չէ, նաև շահեկան դիրքերում, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք ու անդամ երկրների միջև սահմանին մաքսատուրքեր չկան, այսինքն՝ ինքնարժեքը ցածր կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել