Դեկտեմբերի 3-ին Բելգրադում տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստը, որի ընթացքում իր ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ելույթը շատ տեղին էր և ուշագրավ այնքանով, որ իր մեջ պարունակում էր թիրախավորված մի շարք շեշտադրումներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Նշվեց, որ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը, որի հռչակումն առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ:
Այս հայտարարությունն իր մեջ շատ կարևոր բովանդակային տարրեր է պարունակում: Սրանով արտգործնախարարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը ստանձնել է ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման պայքարի դրոշակակրի և առաջամարտիկի հանձնառությունը:
Նախարարն այդ բարձր ամբիոնից ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, որ Հայաստանը երկու տարի առաջ առաջիններից էր, որ ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից իրականացված վայրագությունները, երբ դրանք դեռ այս աստիճան թափ չէին հավաքել:
Ելույթի մեջ մեծ տեղ էր հատկացված նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Ադրբեջանի ապակառուցողական քայլերին: Այս առումով նախարարի մերկացնող ելույթը քարը քարի վրա չթողեց սուլթանական Ադրբեջանից:
Մանրամասնությամբ ներկայացվեց այն, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խարխլել խաղաղ գործընթացը և պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Բացի այդ, ներկայացվեց, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն, ամեն անգամ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում է այդ կերպ կոծկել կոնֆլիկտը կարգավորելու հարցում Բաքվում քաղաքական կամքի բացակայությունը:
Նախարարն իր խոսքում նաև շեշտեց այն, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:
Կարելի է հստակ ասել, որ այս համակողմանի ելույթով նախարարը ևս մեկ անգամ միջազգային հանրությանը հավաստիացրեց, որ խաղաղության գործընթացի համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել